Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքական
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին պատասխանելով հայտարարեց, որ «Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա ու շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք, ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով, 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնան»։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր Արցախի մասին ՀՀ-ի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որ՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, ապա հիշեցրեց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե առանց Արցախի Հայաստան չկա։
Կարծիքներ կան, որ Փաշինյանի այս խոսքը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի մասին է, ով Արթուր Ղազինյանի հայրն է։
ArmDaily.am-ը փորձեց այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Ղազինյանից, ով մեզ հետ զրույցում հայտարարեց, որ թերուսների հիմարություններին չի արձագանքում և չի մեկնաբանում։
«Խորհուրդ եմ տալիս մեկնաբանության հարցով դիմել իշխանական բարձր օղակներում աշխատող մեր շրջանավարտ իրավաբաններին, որտեղ որ փնտրենք՝ դատախազից սկսած մինչև փոխվարչապետ, և մյուսները։ Չթվարկեմ, որովհետև ցուցակը շատ մեծ կստացվի»,- եզրափակեց Ղազինյանը։