Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում
Միջազգային խճանկար
Վրաստանի կառավարությունը շուրջ քառասուն ներդրումային ծրագիր է պատրաստել տարբեր ոլորտներում, որոնք կներգրավեն միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ, որոնք կընդգրկեն վերականգնվող էներգիայի աղբյուրների գործածումը, Սև ծովի ընդերքով էլեկտրահաղորդման գծերի անցկացումը և այլն։
«Մենք խոսում ենք հողմային էներգիայի, արևային էներգիայի և նոր տեխնոլոգիայի մասին, որը մենք առաջինն ենք զարգացրել տարածաշրջանում։ Սա կանաչ ջրածին է, այսպես ասած՝ ապագայի էներգիան»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
Նախարարը կենտրոնացել է նաև այնպիսի հավակնոտ նախագծի վրա, ինչպիսին է Սև ծովի ընդերքով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անցկացումը, որը Վրաստանը կմիացնի ԵՄ էներգետիկ շուկայի հետ։
«Սա ոչ պակաս կարևոր նախագիծ է, քան, օրինակ, «Շահ Դենիզ»-ը, երբ այն կյանքի կոչվի, ֆիզիկապես կկապի Վրաստանը և ողջ տարածաշրջանը ԵՄ էներգետիկ շուկայի հետ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ կան մի շարք լոգիստիկ նախագծեր, օրինակ՝ Սև ծովի նավահանգիստների զարգացում։ Պետք է դիտարկվի, թե որ նավահանգիստը որ ուղղությամբ պետք է զարգացվի, որպեսզի ավելի լավ սպասարկի Վրաստանի խնդիրներն ու կարիքները՝ որպես դարպաս դեպի տարածաշրջան։
Նախարարան անդրադարձել է նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացուման։ Այդ ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը 28 նոր զբոսաշրջային ծրագիր է պատրաստել:
«Մի մասը ավանդական է, մեր զբոսաշրջային գյուղերի զարգացումը, մյուսները՝ բոլորովին նոր, սա ոչ թե մեկ կոնկրետ հյուրանոցի կառուցում է, այլ մի ամբողջ զբոսաշրջային տարածքի զարգացում, որը կիրականացվի ոչ թե պատահական, այլ ճիշտ պլանավորմամբ։ Վստահ ենք, որ այս նախագծերը կհետաքրքրեն շատ ներդրողների»,- ասել է Թուրնավան։
Նախարարը նաև ընդգծել է, որ 2022 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է փոխել պասիվ մոտեցումը և չսպասել մինչև ներդրողներն իրենք հետաքրքրվեն Վրաստանով։ Տարբեր երկրներում կսկսվեն ներդրողների որոնումներ։