ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն վերապատմեց Մեւլութ Չավուշօղլուի հետ իր զրույցը
Քաղաքական
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտեց, թե վերջերս Ստոկհոլմում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ինչ են խոսել։ Միրզոյանի խոսքով՝ դա չի եղել պաշտոնական հանդիպում, այդ պատճառով ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն չի տարածել. «Մենք հանդիպեցինք դահլիճ տանող միջանցքում, որտեղ պետք է կայանար ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը։ Քայլում էնք կողք կողքի։ Զրույցն ուներ մոտավորապես հետեւյալ բովանդակությունը․ «Բարեւ» - «Բարեւ», «Ուրախ եմ ծանոթանալու համար» - «Ուրախ եմ ծանոթանալ», «Մենք հակված ենք կարգավորման»-«Մենք նույնպես հակված ենք կարգավորման», «Այդ դեպքում կարող ենք բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել»-«Կնշանակենք հենց որ վերադառնանք տուն եւ սկսենք գործընթացը»։
Միրզոյանի խոսքով՝ ասվել է, որ ներկայացուցիչներ են նշանակվելու, որպեսզի երկխոսության գործընթացը սկսվի, ինչից հետո եղել են ներկայացուցիչների նշանակումները։ «Դա լավ խոսակցություն էր, պաշտոնական հանդիպում չէր, բայց ազդակները կարծես թե դրական էին։ Գրեթե տառացի ասացի, թե ինչ ենք խոսել»,-հավելեց Արարատ Միրզոյանը։