Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞
Քաղաքական
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է ներկայացրել, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Յոլյանի հրաժարականով պալատում թափուր տեղ է առաջանում, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն պետք է պալատի անդամ ընտրի։
Սահմանադրության 199-րդ հոդվածի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից: Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ: Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Իսկ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավելի ժամանակահատված, ապա հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:
Նշենք, որ Լեւոն Յոլյանը 2017թ. փետրվարի 28-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ վեց տարի ժամկետով oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահն է: «14 տարի է ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,-Armlur.am-ին ասել է Յոլյանը։
ArmDaily.am-ը զրուցեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանի հետ՝ պարզելու, թե որ թվականից է հաշվարկվում Յոլյանի պաշտոնավարման սկիզբը, արդյոք նրա փոխարեն անդամ պետք է ընտրվի։
«Պարոն Յոլյանի պաշտոնավարմանը մնացել էր 11 ամիս, այսինքն՝ մյուս նախագահը մնացած ժամկետով պետք է ընտրվի, եթե մինչև դա ընտրվի, եթե ընտրվի այն ժամանակ, երբ 6 ամիս և պակաս է մնացել, այդ դեպքում կընտրվի 6 տարով, սա է օրենքի պահանջը։ Ընդհանրապես 2017 թվականից, այսինքն 2018-ից ինքը օրենքի ուժով դարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահ։ Քանի որ Հաշվեքննիչ պալատը Վերահսկիչ պալատի իրավահաջորդն է»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով մամուլում տարածվող այն տեղեկությանը, որ Յոլյանին փոխարինելու է Եղիշե Սողոմոնյանը, Կարապետյանն նշեց, որ նախագահի հրաժարականից 7 օր հետո Հաշվեքննիչ պալատի նախագահ է դառնում պալատի ամենափորձառու անդամը, ով այս պահին Աբրամ Բախչագուլյանն է։
Բացի նախագահից պետք է ընտրվի նաև պալատի 7-րդ անդամը։ Կարապետյանն ասում է, որ երբ թափուր տեղ է լինում ֆրակցիաները պետք է իրենց թեկնածուներին ներկայացնեն։
«Ներկայացնում են բյուջետային հանձնաժողովին, հաստատվում է թեկնածուներից մեկը, որի օգտին էլ արդեն լիագումար նիստում քվեարկում են, քանի դեռ Աժ նախագահը չի ստորագրել արձանագրությունը, նոր թեկնածու չի կարող առաջադրվել, հետևաբար պետք է Յոլյանի դիմումը ուժի մեջ մտնի, նոր թեկնածուներ առաջադրեն»,-ասաց Կարապետյանը։
Հարցին, թե մամուլում պալատի անդամի թեկնածուի համար շրջանառվում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի անունը, Կարապետյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի։