Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարտ շահելու համար, ովքեր շահել են, կովիդի պատճառով չեն կարողացել արտագաղթել. միջազգայնագետը՝ այսօրվա ակցիայի մասին
Քաղաքական
Այսօր ԱՄՆ դեսպանատան առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Բողոքի ակցիայի մասնակից մի քանի տասնյակ քաղաքացիները հանդիսանում են DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուներ։ Նրանք պահանջում էին, որ իրենց թույլատրեն մեկնել ԱՄՆ։
Բողոքի ակցիան հանրության շրջանում լայն քննարկում ունեցավ։ «Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխարհի տարբեր պետությունների քաղաքացիներ Գրին Քարտի խաղարկությանն են մասնակցում։ Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգները 50-55 հազար Գրին Քարտ է նախատեսում բնական ներգաղթն ապահովելու նպատակով և տարբեր պետություններում, այսինքն այն երկրներում, որոնք մեծ ռիսկեր չունեն ներգաղթի տեսանկյունից։ Այդպիսի պետություններ են համարվում, ենթադրենք, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը։ Այդ պետությունների քաղաքացիների համար խաղարկությունը իրականացվում է։ Յուրաքանչուր տարի Հայաստանից մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ Գրին Քարտի խաղարկությանը և ընդամենը 2-3 հազարը կամ մի քիչ ավելի քիչ մարդիկ շահում են Գրին Քարտ։ Սա Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալներն են»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Սարգսյանն ասում է, որ 2021թ. համար 2020 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարտ շահելու համար, որոնցից 68.309 դիմորդ են, 92.655-ը՝ փոխկապակցված անձ։
«Խաղարկության արդյունքում հաղթողները հնարավորություն են ստանում օրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Ինչի՞ մասին է այն ակցիան, որը իրականացվում է դեսպանատան առջև։ Խնդիրը այն է, որ 2020 թվականին պայմանավորված քովիդով Հյուպատոսությունը փակ է եղել և այն մարդիկ, ովքեր Գրին Քարտ են շահել, հնարավորություն չեն ունեցել ներգաղթ ապահովել Միացյալ Նահանգներ և խնդիրը հենց դա է, որ հիմա քաղաքացիները բողոքում են, որովհետև օրինական շահել են և հիմա հնարավորություն չունեն իրենց շահած Գրին Քարտ օգտագործել և արտագաղթել ԱՄՆ»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
Սեդա Մակարյան