Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
ՏեսանյութՀունվարի լույս 15-ի գիշերը, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերել են գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի մեքենայի համարանիշերը փոխարինվածեն եղել, սրահում էլ գողացված մարտկոցներն էին։ Բերման ենթարկված չորս տղամարդկանցից մեկը Երևանի, մյուսը` Նոր Խարբերդի, երկուսը Մասիս քաղաքի բնակիչներ են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նրանք ձերբակալվելեն։
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել են ընդհանուր 28 մարտկոց:
Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։ Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է: