Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփ44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել։ Ինչպես հայտնում են Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնից՝ վարույթ են ընդունվել 5 պաշտոնատար անձանց կողմից սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին թույլ չտվեց ներկա գտնվել ԵԽԽՎ հերթական նստաշրջանին։ Դատարանը գտել է, որ Գևորգյանը կարող է առցանց մասնակցել նստաշրջանի աշխատանքներին։
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ Ֆրանսիական ինստիտուտը զբաղվելու է կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմամբ։
Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են։ Ինչպես ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ասաց, որ սերվերի հետ կապված խնդիր է։
Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա»,- նշեց նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Միջազգային դատարանը փաստացի արձանագրել է, որ 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվար Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եղել, քանի որ իր դատապարտման հիմքում ընկած են եղել խաղաղ հավաքների ազատության իրավաչափ գործողությունները, որոնք դատարաններն առանց հիմնավորումների ներկայացրել են որպես հանցագործություն: