Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Խմբագրական
Պոլիէթիլենային տոպրակները արգելելու վերջին փոփոխությունները «սպառնում էին» փրկել շրջակա միջավայրը, բայց այն, ինչ տեսնում ենք այժմ, խոսում է ընդամենը հերթական «բարեփոխման» հայկական առանձնահատկության մասին։
Եւ այսպես, դեռեւս 2020 թվականի գարնանը ընդունվել, իսկ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ««Առեւտրի եւ ծառայությունների -մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեկանգամյա օգտագործման մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելվում է։
Օրենքի հեղինակների՝ շրջակա միջավայրը փրկելու ազնիվ մղումները բնականաբար կասկածի տակ չդնելով՝ ընդամենը արձանագրենք իրավիճակը։ Բազմաթիվ խանութներ, առեւտրային կենտրոններ, սուպերմարկետներ շարունակում են մինչեւ 50միկրոն հաստությամբ տոպրակներով սպասարկել հաճախորդներին։ Նրանցից մեկն էլ իշխանության «սրտի օլիգրախ» Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցն է։
Երկրորդ՝ «օրինապահ» սուպերմարկետներն էլ որոշել են փրկել շրջակա միջավայրը մեր հաշվին՝ ձեռքի հետ էլ սեփական եկամուտները ավելացնել, օրինապահություն խաղալ։ Այս կատեգորիայի տնտեսվարողները առաջարկում են ավելի հաստ եւ 50 դրամ արժողությամբ տոպրակներ, այսինքն՝ նախկինից ավելի թանկ։
Հարց է առաջանում՝ որեւէ վերահսկողություն կա դեռ հին, արգելված տոպրակները օգտագործողների նկատմամբ։ Երկրորդ՝ որեւէ հսկողություն կա «օրինապահ» տնտեսվարողների նկատմամբ՝ արդյոք հաստացրած տոպրակները 50միկրոնից ավելի են, չէ՞ որ տոպրակյի վրայի մակնշումը դեռ չի նշանակում, որ այն այդչափ հաստ է։ Ի՞նչ է ստացվում՝ամեն ինչ շատ ավելի վատ է, քան նախկինում, եւ շրջակա միջավայրը չենք փրկում, եւ ավել ծախս ենք անում։ Օրենքի փոփոխությունը ուղղված էր կտորային տոպրակներ օգտագործելուն, ինչը հասարակության համար նոր, դեռեւս չարմատավորված մշակույթ է տնտեսվարման տեսանկյունից։ Իսկ այսօր կտորային տոպրակներ չենք օգտագործում, ավելի հաստ տոպրակներով ենք սպասարկվում՝ ըստ այդմ ավելի «շատ» վնաս հասցնելով շրջակա միջավայրին եւ դրա համար ավելի շատ ենք վճարում։ Եւ այսպես, օրենքի փոփոխության արդյունքում տոպրակները չվերացան, տնտեսվարողներն էլ շարունակում են գերշահույթներ ստանալ՝ մի փոքր ավելի հաստ, եռակի թանկ տոպրակներ մեզ վաճառելով։ Մնում է պարզվել՝ շրջակա միջավա՞յրը գոնե մի քիչ փրկվում է մեր՝ 50միկրոն եւ ավելի հաստությամբ տոպրակներ օգտագործելուց եւ ավել վճարելուց, թե ոչ։
Տոպրակների դեմ պայքարում օրենսդրական փոփոխության խեղումը, երբ անտեսվում է նորմի հետապնդած նպատակը, մարդկանց վիճակը չվատթարացնելու պայմանը, գոյություն չունի պատշաճ վերահսկողական համակարգ՝ սանկցիաներ կիրառող, տիպիկ հայկական օրինակ է որեւէ բարեփոխում իրականացնելու համար։ Իսկ իրականում ամեն ինչ պետք էր սկսել կտորե տոպրակների պրոպագանդայից, քարոզչությունից, զանազան ակցիաներից, անհրաժեշտության դեպքում՝ նվիրատվությունից։ Նախ՝ հասարակությանը «ստիպել» սիրել կտորե տոպրակները, սովորեցնել, ընտելացնել, պարզաբանել դրա անհրաժեշտությունը, հետո վերացնել տոպրակները եւ խիստ հսկողություն սահմանել՝ ոչ թե գերշահույթներ ապահովել խանութներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին։