Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Քաղաքական
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթն անցկացվեց աննախադեպ խախտումներով, կոպտագույն ապօրինությամբ։ Բաբայանը նույնպես մասնակցում էր այդ մրցույթին, բայց ինչպես ինքն է պնդում, չի մասնակցել, որ հաղթի։
ArmDaily.am-ը զրուցեց Արսեն Բաբայանի հետ՝ պարզելու, թե ով է ի վերջո հաղթել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։
«Այդ վարչության նախկին ժամանակավոր պաշտոնակատարն է ընտրվել»,-ասաց Բաբայանը։
Հարցին, թե ինչ նպատակ էիք հետապնդում՝ մասնակցելով այդ մրցույթին պատասխանեց. «Դրա մասին շատ եմ խոսել։ Հիմնական խնդիրն այն էր, վեր հանել խնդիրները հենց ներսի խորքից, որպեսզի անձամբ ներսից տեսնեմ ինչ է կատարվում և դա ցույց տամ, որովհետև բոլոր այն գործիքները, որոնք մենք այս երեք տարիների ընթացքում կիրառել ենք, ոնց որ թե արագության մեջ արդյունք չի տալիս, դրա համար կարիք կա ավելի խորը ուսումնասիրել, թե ինչ է կատարվում պետական իշխանության ներսում, թե ոնց են փչացնում մեր պետական կառույցները և նաև «թայֆայականությունը», որ մենակ իրենց շրջապատ, իրենց ընկերներ, հարազատներ, իրենց ծառայող մարդիկ են»։
Նշենք, որ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել Գոռ Ծառուկյանը, ով 2018 թվականից պաշտոնակատար էր:
Հավելենք, որ Արսեն Բաբայանը բողոքարկելու է մրցույթն ու պահանջելու է անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները։
Սեդա Մակարյան