Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ
Խմբագրական
Մինչ Ամանորը եւ հատկապես Ամանորից հետո քաղաքական-հասարակական շրջանակներում սպասումներ եւ ականկալիքներ էին ձեւավորվել կտրուկ քայլերի, փողոցային պայքարի, իշխանությանը հեռացնելու գործուն մեթոդներ կիրառելու մասով։ Միանշանակ է, որ այսօրվա իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը եւ չի վայելում հասարակության մեծամասնության վստահությունը, այլ հարց է, թե ինչու այդ իրավիճակը չի ստիպում մեզ բոլորիս ակտիվ, գործուն քայլերի դիմել։
Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում խորը ապատիկ իրավիճակ է, ընդդիմությանը ոչ միայն չի հաջողվում բեկում մտցնել, մաշեցնել իշխանության «քոքը», այլեւ իրենց հեղհեղուկ, դանդաղ քայլերով կորցնում են ունեցած ռեսուրսը եւ վստահությունը։ Ասել է թե՝ այն, որ իշխանությունը վատն է՝ չի քննարկվում, այն, որ հասարակությունը դժգոհ է այս իշխանությունից՝ եւս հստակ է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը այլընտրանք չի տեսնում այս իշխանությանը, չի տեսնում այլ ուժեր, թեկնածուներ, որը կմոբիլիզացնի եւ կստիպի մեզ դուրս գալ փողոցային պայքարի։
Հիմա փողոցային պայքարի մասին։ Թե ինչպես պետք է խորհրդարանում իրար ծեծելով, վիճաբանելով ընդդիմությունը հասնի իշխանափոխության՝ հայտնի չէ։ Խիստ անորոշ է նաեւ հարցը, թե արդյոք այս գործելաոճը հիմք կհանդիսանա համազգային վստահության աճի եւ կստիպի մարդկանց իքս պահին դուրս գալ փողով։ Համենայն դեպս, պետք է արձանագրել, որ եթե անգամ Փաշինյանի հրաժարականը եւ իշխանության հեռացումը ընդդիմության օրակարգում է, ապա այդ նպատակին հասնելու համար որեւէ տեսանելի քայլեր հասարակությունը չի տեսնում։ Տեսանելի քայլը հանրահավաք հրավիրելը չէ, տեսանելի քայլը մարդկանց հետ աշխատանքն է, համախոհներ, համակիրներ գտնել, վստահությունը բարձրացնել եւ մոբիլիզացիա ապահովել։
Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր դիմադրության շարժման մասին, այլ հարց է, թե ինչու շարժումը ավարտվեց դեռ չսկսած կամ այդպես էլ չսկսեց։
Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմադիր ճակատում որոշել էին գարնանը ակտիվանալ, մարտավարություն էին անգամ մշակել գործողությունների պլանի, թե ինչ պայքար պետք է տանեն, ինչ թեզերով, ինչպես...։ Այլ հարց է՝ կհաջողե՞ր այս շարժումը, թե՞ ոչ եւ նախքան բուն փողոցային պայքարի փուլը մտնելը՝ արդյոք նախապատրաստական աշխատանքներ իրականացրե՞լ են, թե՞ ոչ։
Սակայն ընդդիմության գործողությունները «փոզմիշ» արեցին ղազախական դեպքերը, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «սառը ցնցուղ» էր հայաստանյան ընդդիմադիր ուժերի համար։ Պուտինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրներում թույլ չեն տա գունավոր հեղափոխություններ՝ դեմ արտահայտվելով ներքին խժդժություններով եւ փողոցային պայքարով իշխանության գալուն։
Այս հայտարարությունից, ինչպես նաեւ ղազախստանի դեպքերին ՀԱՊԿ-ի ցուցաբերած օգնությունից ընդդիմության համար պարզ դարձավ, որ եթե որեւէ պայքար սկսեն փողոցում, Նիկոլ Փաշինյանը իսկույն եւեթ դիմելու է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ հատկապես, որ այժմ «մեխանիզմները սկսել է աշխատեցնել իր ձեռքով»։
Իհարկե, կարելի էր ամեն ինչ անել ավելի վաղ, կարելի էր հասարակության այնպիսի մոբիլիզացիա ապահովել, որ որեւէ կազմակերպություն՝ ՀԱՊԿ լինի, թե ՆԱՏՕ, չհամարձակվի միջամտել մեր ներքին պայքարին։ Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի համար Փաշինյանը դեռ ձեռնտու ղեկավար է, նրանք այստեղ չունեն այլընտրանքային թեկնածու։ Ու բոլոր սպասումները, թե Փաշինյանը գարնանը կհեռանա, սեպտեմբերին կհեռանա, միֆ են, Փաշինյանը կմնա այնքան, ինչքան ռազմավարական գործընկերոջը ձեռնտու կլինի եւ ինչքան մեր հասարակությունը կհանդուրժի նրան։
Այլ հարց է, թե ինչու Ռուսաստանը չի տեսնում Փաշինյանին այլընտրանք Հայաստանում, խայտաբղետ ընդդիմադիր դաշտում միթե չկա հարմար թեկնածու։ Այստեղ, իհարկե, բոլորի մտքին առաջինը երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է գալիս, սակայն փաստացի նրա թեկնածությունը եւս ամբողջովին ընդունելի չէ։ Թե ինչու Պուտինի վաղեմի ընկերը կորցրեց իր դիրքերը ռուսական բարձրաստիճան շրջանակներում՝ կարելի է միայն ենթադրել շրջանառվող վարկածներից։ Իսկ այդ վարկածներից ամենահիմնավորն այն է, որ պատճառը խորհրդարանական ընտրություններին էին, որին մասնակցելու համար ռուսական կողմը ճիշտ էր համարում Քոչարյանի կողմից սեփական թիմի, ուժի ձեւավորում, Ռուսաստանի համար անհասկանալի եւ անընդունելի էին Քոչարյանի ստեղծած դաշինքի ուժերը՝ հակառուսական ՀՅԴ-ն եւ նորաստեղծ, անհայտ, բիզնեսից քաղաքականություն եկած «Վերածնվող Հայաստանը»։
Ինչեւէ, սա ընդամենը վարկած է, բայց փաստ է այն, որ Ռուսաստանին ձեռնտու է Փաշինյանի իշխանությունը, նրան այլընտրանք չի տեսնում։ Փաստ է նաեւ այն, որ փողոցային պայքարը ընդդիմությունը ձախողել է դեռեւս նախորդ տարի՝ պատերազմից անմիջապես հետո ու դեռ հայտնի էլ չէ՝ երբեւէ կհաջողի, թե ոչ։ Սա իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ դասեր քաղել...։