Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին»
Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Հայ Յեղափոխական դաշնակցությունում մարտին սպասվող Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ լուրջ խմորումներ եւ տարաձայնություններ են։
Մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին Դաշնակցության ակտիվը բազում ներկայացուցչական ժողովներ է գումարում, որպեսզի պատրաստվեն Գերագույն ժողովին։ Գերագույն ժողովի շարքերն ընտրելու են Դաշնակցության Գերագույն Մարմնի նոր կազմը, որից հետո տեղի է ունենալու Ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ ընտրելու են ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։ Նշենք, որ այս տարի մարտին. տեղի է ունենալու Դաշնակցության թվով 34-րդ ընդհանուր ժողովը։ Այս ժողովները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ։
Բանն այն է, որ Բյուրոյի և ԳՄ-ի կազմում ընդգրկված մի շարք գործիչներից կուսակցությունում դժգոհ են։ Առաջամարտիկը այս առումով Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է, ում հնարավոր է այս անգամ չընտրեն ԳՄ ներկայացուցիչ։ Հարցն այնքան սուր է դրված, որ որոշ ՀՅԴ-ականներ հայտարարել են՝ «Եթե Իշխանը նորից ընտրվեց՝ ես դուրս եմ գալու կուսակցությունից»։
Առհասարակ՝ կուսակցությունում փառավորված չեն ՀՅԴ-ական պատգամավորների խորհրդարանական աշխատանքով եւ զգում են, որ ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող ազգային կուսակցությունը այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած, օրեցօր նոսրանում են նրա շարքերն ու համակիրների բանակը, որեւէ արդյունավետ աշխատանք, ծրագիր, քաղաքականություն չեն իրականացնում։ Սփյուռքի կառույցները եւս դժգոհ են ՀՅԴ հայաստանյան գրասենյակի աշխատանքներից, անգամ առաջարկվել է Հայաստանից վերացնել Դաշնակցության Գերագույն Մարմինն ու Բյուրոն տեղափոխել Սփյուռք։ Նրանք ՀՅԴ-ին հորդորել են վերջապես կողմնորոշվել՝ իրենք քաղաքական, ազգային, սոցիալիստական. թե՞ ընկերվարական կուսակցություն են։
Նույն անկումային տրամադրություններն են նաեւ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միություններում։ Ստացվում է, որ փողոցային պայքարի ժամանակ ՀՅԴ երիտասարդները մղվում են առաջին պլան՝ բռնության ենթարկվում, պայքարում, որպեսզի հետո ոստիկանական ուժերից խուսափող «ընկեր Իշխանը» գնա խորհրդարան, իսկ այսօր արդեն ձեռքերը ծալած նստի։
Հարց է առաջանում՝ ազգային կուսակցությունում նվիրյալներ կա՞ն, թե պայքարը կարիերայի, պաշտոնի համար է։ Ընդ որում՝ եթե պայքարելու թեմա է լինում, հիշում են երիտասարդական, ուսանողական միություններին, իսկ պաշտոնի, անձնական կյանքը բարելավելու շահառուները մշտապես նույն դեմքերն են։ ՀՅԴ-ում առհասարակ սերնդափոխություն չկա, պատգամավորները իրենք դեմ են կուսակցությունը երիտասարդացնելուն։ Տարօրինակ է, որ անգամ ՀՅԴ երիտասարդական միության անդամ, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է խոչընդոտում սերնդափոխությանը։ Այս առումով առաջիկա ժողովներից մեծ ակնկալիքներ չկան, քանի որ սպասվում է՝ կընտրվեն նրանք, ում կցանկանա տեսնել ղեկավարությունը։ Այսօր էլ երիտասարդական և ուսանողական միությունները ղեկավարում են մարդիկ, ովքեր վաղուց արդեն Հայաստանի երիտասարդական միության անդամ չեն, կամ անդամակցում են իրենց տեղը արեւի տակ մեծացնելու համար։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության մի քանի տասնյակ անդամներ հենց նույն պատճառաբանություններով լքել էին ՀՅԴ շարքերը, բայց այդ անգամ թիրախը ոչ թե Իշխան Սաղաթելյանն էր, այլ Հրանտ Մարգարյանը։ Դեպքերից հետո Մարգարյանը «ձեռքերը լվաց»՝ հեռանալով ակտիվ կուսակցաշինության աշխատանքներից։ Կհեռանա՞ Իշխան Սաղաթելյանը, թե կանտեսի հասունացող բողոքի ալիքը՝ պարզ կլինի առաջիկայում, սակայն միանշանակ է, որ բողոքի այս ալիքը սպառնում է քայքայել հարյուրամյա պատմություն ունեցող, գաղափարական եզակի քաղաքական ուժը։
Թեմայի վերաբերյալ խոսեցինք ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ, ով հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ պնդումները «խայտառակ հերյուրանք են, որոնք անգամ մեկնաբանության արժանի չեն»։
«Առաջիկա ժողովն էլ ընտրական օրակարգ չունի»,- ասաց Գալստյանը։
Առաջիկա նիստերի վերաբերյալ մենք փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանից, սակայն նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։
Արփինե Պետրոսյան