Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից
Քաղաքական
ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ հունվարի սկզբին հանդիպում է տեղի ունեցել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որոշ ԶԼՄ ղեկավարների, PR մասնագետների միջեւ։ Հետաքրքիր քննարկում է ծավալվել, մասնակիցները անդրադարձել են Հայաստան դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի աշխատանքին՝ նշելով, որ խմբակցության սխալ աշխատանքը մեծապես ազդել է նաև Քոչարյանի վարկանիշի վրա՝ շեշտակիորեն այն նվազեցնելով։
Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է դիտարկումների հետ և նշել, որ ինքը ասել է ֆրակցիայի անդամներին, որպեսզի աշխատաոճը փոխեն, ավելի ակտիվ լինեն և գնան ժողովրդի հետ հանդիպումներին, սակայն, չգիտես ինչու, պատգամավորները կաշկանդված են այս հարցում։ Առաջարկ է հնչել, թե ինչու, օրինակ, Քոչարյանը անձամբ չի գնում ժողովրդի հետ հանդիպումների, երկրորդ նախագահը խոստացել է մտածել։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը նաեւ նշել է, որ մեծ սխալ էր սեփական քաղաքական ուժը չձեւավորելը, սակայն արդեն ուշ է։
Հանդիպման մասին տեղեկությունը ճշտելու համար ArmDaily.am-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, ով ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար տարբեր ոլորտի, մասնագիտությունների տեր, տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում։
«Կոռեկտ չէ և տրամաբանական չէ, որ ես նախագահի փակ հանդիպումների բովանդակությունը լուսաբանեմ»,- ասաց Խամոյանը։
Արփինե Պետրոսյան