Ծառուկյանը խաշկերույթ է կազմակերպել եւ հայտարարել ռեստարտի մասին․ լուրջ քաղաքական պրոցեսներ են լինելու
Քաղաքական
Հայաստանում ներքաղաքական կյանքը, կարծես, ակտիվանում է։
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը խաշկերույթ է կազմակերպել, որին ներկա են եղել կուսակցության տարածքային կառույցների անդամները։ Ծառուկյանը հայտարարել էր, որ ամենաուշը գարնանից լուրջ քաղաքական պրոցեսներ են սկսում եւ քանի որ և իշխանությունը, և խորհրդարանական ընդդիմությունը վարկաբեկված են, այսօր ԲՀԿ-ն իրական շանսեր ունի պրոցեսներում հաջողելու։ ԲՀԿ առաջնորդը նշել է նաեւ, որ պատրաստվում է նոր թափով վերսկսել կուսակցական աշխատանքները, տարածքային կառույցները, այպես ասած, ռեստարտ անել։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Կարող եմ ասել մի բան այս պահին, որ մեր կառույցները չեն փակվել, իրենք ոնց աշխատում էին, այնպես էլ շարունակում են աշխատել։ Քաղաքական գործընթացները դիտարկում ենք այն կոնտեքստում, որ մենք, ինչպես և նախկինում ասված էր, քաղաքականությունից չենք հեռացել»։
Աբովյանի համար զարմանալի է, որ պետք է ռեստարտ անել, կամ չանել, որովհետև ռեստարտ տրվում է մի բանի, որը չի գործում։
«Մեր պարագայում համակարգը գործում է, և ոչ մի րոպե չի դադարել իր գործունեությունը։ Մեր բոլոր տարածքային կենտրոնական գրասենյակները գործել են, գործում են և գործելու են։ Բոլոր մեր գործողությունները համահունչ են, այն բոլոր գործընթացներին, որոնք մենք տեսնում ենք»,- ասաց Աբովյանը։
Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ի համար կարևոր է Հայաստանի քաղաքացիների բարգավաճ , բարեկեցիկ, անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ կյանքը։
«Մենք միշտ զարկերակի վրա ենք պահում մեր թե կուսակիցների, թե առհասարակ բոլոր գործողությունները։ Բոլոր գործընթացներին արձագանքում ենք, բացի այդ այս պարագայում առայժմ ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց Աբովյանը։