Ով է ընտրվել դատավորների միության նախագահ և տեղակալներ. մանրամասներ
Իրավական
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ընտրվեց Դատավորների միության նախագահ։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քվեարկությանը մասնակցել է 189-ը դատավոր, որից 139-ը քվեարկել է Ազարյանի օգտին։ 44 ձայն ստացել է մյուս թեկնածուն՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Տեղակալների պաշտոններում առաջադրված դատավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
Ռուզաննա Ազրոյան-76
Արթուր Ստեփանյան-110
Լիզա Գրիգորյան-72
Ջոն Հայրապետյան-76
Այսպիսով միության տեղակալ է ընտրվել Արթուր Ստեփանյանը, իսկ երկրորդ տեղակալ չի ընտրվել, քանի որ անցողիկ շեմը հաղթահարելու համար թեկնածուն պետք է ստանար ձայների 50+1 տոկոսը։ Մինչդեռ որևէ թեկնածու չի ստացել այդքան։
Նշենք, որ ժողովը նախագահում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Միության նախագահի տեղակալներ են առաջադրվել դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանը, Արթուր Ստեփանյանը, Ջոն Հայրապետյանը և վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրված։ Դատավորները Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր 2 անդամներ են ընտրում։ Ժողովից հետո գումարվել է Դատավորների Միության ժողովը։ Մեզ հայտնի է դարձել, որ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնկատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է ամեն գնով ձախողել միության ժողովը, որում որպես նախագահի թեկնածու առաջադրվել է Ալեքսանդր Ազարյանը։ Նա, ինչպես հայտնի է, մեծ հեղինակություն է վայելում թե դատավորների, թե փաստաբանների շրջանում։ Ազարյանի թեկնածությունը սատարելու են դատական համակարգի «անկախական» թեւը, այդ թվում իշխանության կողմից ճնշուների ենթարկվող, վարույթների արժանացած, հայտարարություններով հանդես եկող «մահապարտները» եւ նվազ համարձակ, բայց դատական համակարգի անկախությունը, հեղինակությունը կարեւորող բազմաթիվ այլ դատավորներ: Ազարյանի նախագահությամբ դատավորների միությունը կարող է դառնալ բավականին գործող և ուժեղ կառույց: