Ինչով են պայմանավորված կորոնավիրուսից մահվան դեպքերի թվաքանակի տարբեր տվյալները. դատախազության պարզաբանումը
Իրավական
Դեռ դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կողմից տրամադրված կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացածների տվյալների անհամապատասանությանը։ Վարչապետը հանձնարարել էր, որ կառավարությունում ծառայողական քննության ավարտվելուց հետո գլխավոր դատախազությունում ևս ուսումնասիրություն կատարվի։
ArmDaily.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք կառավարության կողմից համապատասխան նյութերը փոխանցվել են, և արդյոք ուսումնասիրություն կատարվել է։
Մեր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են. «ՀՀ կառավարության 02.12.2021 թ թիվ 60 նիստի արձանագրությունից քաղվածքով ներկայացված առաջարկության կապակցությամբ ՀՀ դատախազությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարությունների կողմից հրապարակված տվյալներում առկա է կորոնավիրուսից մահվան դեպքերի թվաքանակի տարբերություն՝ պայմանավորված տարբեր պետական մարմինների կողմից տնային պայմաններում և արտերկրում covid-19-ից մահվան դեպքերի հավաքագրման մեթոդաբանության տարբերությամբ։
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռևս շարունակվում է, և հնարավոր խախտումների հայտնաբերման ու դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկվելու դեպքում համապատասխան հաղորդագրություն կհրապարակվի»։