Ես իմ տեղում նստելու եմ, ոչ մեկին էլ ոչ մի բան չունեմ հանձնելու. Ռաֆիկ Անդրեասյանը՝ Գարիկ Սարգսյանի որոշման մասին
Քաղաքական
Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն աշխատանքից ազատել է մի քանի համայնքների ղեկավարներին։ Այդ թվում նաև Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանին։
ArmDaily.am-ը զրուցեց Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է մեկնաբանում այս որոշումը։
«Մտեք Վեդիի կայքը պաշտոնական, այնտեղ կտեսնեք իրա որոշումներն ու հրամանները, որը, ըստ մեզ, անօրինական է։ Նա որպես պաշտոնակատար սկսել ա չարաշահել, որովհետև էդ համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ ա մտնում՝ մարդ ազատելն ու մարդ ընդունելը, ընդ որում, ընտրված համայնքի ղեկավար ինքը ազատել չի կարող»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել ու ուր է դիմելու, պատասխանեց «Ես չեմ դիմում, իրանք թող դիմեն։ Ես իմ տեղում նստելու եմ, ոչ մեկին էլ ոչ մի բան չունեմ հանձնելու, քանի որ նման որոշում չկա։ Եթե ինքը տենց որոշում ա կայացրել, ես էլ եմ որոշել մի քանի որոշմամբ, օրինակ Ազատանից ինչ-որ մեկը դուրս չի գալիս՝ ազատեմ, Արարատից ազատեմ, Վեդիից մի երկու հոգի դուրս չեն գալիս՝ ազատեմ, կլինի՞ տենց»,-ասաց նա։
Հարցին, թե արդյոք ճիշտ հասկացա, որ Դուք շարունակելու եք աշխատել, պատասխանեց՝ իհարկե։
«Իմ ժամանակահատվածը գործում ա, ես աշխատելու եմ, որովհետև համայնքի ղեկավար չի ընտրվել»,-եզրափակեց Ուրցաձորի ղեկավարը։
Սեդա Մակարյան