Family portrait. Սարգսյանների ընտանիքը. ի՞նչ է Ռիտա Սարգսյանի օրիորդական ազգանունը
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, սոցիալական ակտիվությունը և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:
Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։ 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։
Սերժ Սարգսյանը շատ է սիրում շախմատ խաղալ և 2004 թվականի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է:
1983 թվականից ամուսնացած է Ռիտա Սարգսյանի հետ: Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը և ունի 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:
Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։
Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին:
Ռիտա Սարգսյան
Ռիտա Սարգսյանը (օրիորդական ազգանունը՝ Դադայան) ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտում:
Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Գրում է երգեր և համագործակցում Ավետ Բարսեղյանի և այլ երաժիշտների հետ:
Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։
Երաժշտական կարիերայից բացի՝ Ռիտա Սարգսյանը սիրում էր մասնակցել տարատեսակ միջոցառումների, զբաղվում էր բարեգործությամբ: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նրա մոտ ժամանակավոր լռություն է, և նախկին նախագահի տիկինը չի ծավալում ակտիվ գործունեություն:
Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ 2010 թվականից գործում է «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամը, 2011-ից՝ «Արագիլ», իսկ 2012-ից «Աուտիզմ» հիմնադրամները, որոնց հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Երեխաները
Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշը, մասնագիտությամբ իրավաբան է, նրա ամուսինը Միքայել Մինասյանն է, ով հայտնի փիլիսոփա Միքայել Մինասյանի թոռն է և Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը:
Մյուս դուստրը՝ Սաթենիկն, ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ, որոշ ժամանակ աշխատել է դպրոցում: Նա ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու՝ Հայկ Խաչատրյանի հետ:
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի: