2022թ մեկնարկը՝ նոր փոփոխությունները. ինչպես կարելի է հասնել ծխախոտի եւ պոլիէթիլենային տոպրակի արգելքին
Վերլուծական
2022թ մեկնարկեցինք նոր օրենքներով եւ փոփոխություններով, որոնց արդյունավետությունը կապացուցվի ժամանակի ընթացքում։
Այսպես, առաջին փոփոխությունը վերաբերում է պոլիէթելինային տոպրակներին, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ ՏԻՄ-երը պետք է ապահովեն օրենքի կիրարկումը։
Այն, որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է պոլիէթիլենային տոպրակներից, փաստ է եւ դա նոր կենսակերպ է, որին պետք է հարմարվել, ինչպես մեր կյանքի բոլոր մյուս փոփոխություններին էինք հարմարվել՝ սկզբից ստիպողաբար, իսկ հետո գիտակցելով դրանց անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։
Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ նոր փոփոխությունը պետք է նվազագույն ֆինանսական բեռ լինի սպառողի համար, այսինքն՝ ոչ թե խանութները մեր հաշվին եւ մեր միջոցով հոգան շրջակա միջավայրի մասին՝ պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք առաջարկելով թղթե կամ կտորե տոպրակներ բավականին թանկ, այլ սպառողները պետք է առօրյայի մասնիկ դարձնեն այլ տոպրակի կիրառությունը։
Տարին դեռ նոր է մեկնարկել, կարելի է ասել՝ ոչ սպառողները, ոչ տնտեսվարողները չեն հարմարվել նոր փոփոխություններիմ, ամենուր դեռ շարունակում ենք սպասարկվել եւ սպասարկել պոլիէթիլենային տոպրակներով։
Սակայն համառ ջանքերի շնորհիվ այս օրենքը կարելի է դարձնել գործուն, կիրառելի՝ նախ վերահսկողությամբ եւ հետո՝ ճիշտ պրոպագանդայով, քարոզչությամբ, ամենօրյա ռեժիմով հասարակությանը ներկայացնելով շրջակա միջավայրի «հարստությունը» մսխելու հետեւանքները եւ ռիսկերը։
Մյուս տարեսկզբի փոփոխությունը վերաբերում է ծխախոտին, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտի ցուցադրման արգելքը վաճառասրահներում։ Արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութները։ Արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ եւ բաց տարածքներում՝ ներառյալ բացօթյա սրճարաններում եւ այդպես շարունակ։
Ծխելու դեմ պայքարը երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող կարեւորագույն օրենքներից է, որն առաջին հերթին առնչվում է ազգաբնակչության առողջությանը։ Եւ չնայած ծխելու դեմ պայքարի շրջանակներում ցանկացած սահմանափակում սվիններով է ընդունվում, բայց ընդամենը ժամանակ է պետք հասարակությանը հարմարացնելու նոր, առանց ծուխ միջավայրին։ Իսկ հակածխախոտային քաղաքականությունը պետք է ուղեկցվի հզոր քարոզչությամբ, որ ծխելը սպանում է մարդուն, ծխելը քայքայում է առողջությունը, իհարկե, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են պայքարել իրենց՝ դանդաղ մեռնելու իրավունքների պաշտպանության համար, քավ լիցի, ազատ են։
Ծխեք ու վնասեք ինքներդ Ձեզ, բայց դա արեք առանց չծխողներին վնասելու, որովհետեւ ծխողների համար իրենց առողջության պահպանումը թանկ է։
Ի դեպ, հակածխախոտային պայքարը բավականին առաջընթաց է արձանագրել, այսօր, ի տարբերություն 5-7 տարի առաջվա, քիչ ընտանիքներ կգտնենք, որտեղ ծխում են տանը։
Այս առումով, իհարկե, երեխաների հորդորները այդքան էլ մեծ դեր չունեն, այնպես էլ իզուր է վարչապետը հակածխախոտային արշավը դրել անչափահասների ուսերին, աշխատանքը պետք է իրականացնել մեծահասակների հետ։ Իսկ այդ աշխատանքը պետք է լինի հետեւողական, քանզի այսօր ամենաթանկ կապիտալը առողջ քաղաքացին է։
Հիմա այն, որ տարեսկզբից ուժի մեջ մտնող կարեւորագույն փոփոխությունները մեկ քայլ առաջընթաց են խոստանում մեզ դեպի քաղաքակրթություն, ավելի առողջ միջավայր, ապրելակերպ, աներկբա է։ Սակայն խնդիրն այստեղ այդ որոշումները իրագործելն է, կենսակերպ դարձնելը։
Մեր պես պահպանողական հասարակությունը ամեն նորություն ընդունում է մեծ դժվարությամբ, սակայն գիտակցելով դրա անհրաժեշտությունը եւ արդյունավետությունը այն կարելի է դարձնել կենսակերպ։ Բայց մինչ կենսակերպ դարձնելը պատասխանատու կառույցները անելիք ունեն՝ նախ քարոզչության, ապա՝ վերահսկողության մակարդակում։ Խիստ վերահսկողությամբ կարող է տոտալ արմատախիլ արվել թե պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, թե բաց եւ փակ տարածքներում ծխելը։