Հեռախոս ես ընտրում, թե կնիկ. Սեքսիստական եւ գռեհիկ գովազդը՝ Ամանորյա կենացներից եւ նվերներից անդին
Վերլուծական
Մի քանի օրից Ամանոր է, բոլորը շտապում են, զբաղված են պատրաստություններով, պետք է հասցնել ամեն ինչ՝ գեղեցիկ նվերներ գնել, համեղ ուտեստներ պատրաստել, ամանորյա մաքրությունը կազմակերպել, երեխաների համար հատուկ տոն ստեղծել։ Եւ երբ այս ամենին գումարվում է ամենօրյա աշխատանքը, առօրյա հոգսերը, եկեք խոստովանենք, որ ամեն ինչ շատ ավելի է բարդանում։
Իսկ այս հոգսերի մի ահռելի բաժինը իրենց ուսերին կրում են կանայք, ովքեր բառիս բուն իմաստով վազում են, որպեսզի հասցնեն ամեն ինչ տեղը տեղին եւ ժամանակին անել։
Պատրաստությունները Ամանորի, այսպես ասած տեխնիկական, նյութական մասն են, կա նաեւ մյուս մասը՝ բարոյական, հոգեւոր, մտավոր։ Դա այն է, երբ յուրաքանչյուրս մեզ համար ամփոփում ենք տարին՝ նշելով լավ եւ վատ առիթները, ձեռքբերումները եւ անհաջողությունները, իսկ ամենակարեւորը՝ գծագրելով գալիք տարում անելիքները եւ նպատակները։
Հիմա կարելի էր տարվա մասին երկար-բարակ, աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, ամփոփել 2021-ը ըստ ոլորտների, ըստ թեմաների եւ այլն։
Բայց հեռուստաեթերից պատահական լսած «հայտնի» գովազդը պարզապես տակնուվրա արեց նախատոնական տրամադրությունը։
Հեռախոսային խանութներից մեկը սեքսիստական եւ գռեհիկ ոճով գովազդում է հեռախոս գնելը՝ նսեմացնելով կանանց։ «Հեռախոս ես ընտրում, թե կնիկ...կնգա երեսը օրը մեկ անգամ ես տեսնում, իսկ հեռախոսը 24 ժամ ծոցդ ա, պիտի ընտրելուց չվռազես»,-ասում է սիթքոմներից հայտնի եւ սիրելի դերասանը, իսկ վաճառողուհին էլ աղջիկ է։
Այսինքն՝ հեռախոսը շատ ավելի կարեւոր եւ թանկ է, քան կինը, կնոջդ հետ ավելի քիչ ես շփվում, քան հեռախոսի։ Իհարկե, սրա մեջ, ցավոք, ճշմարտություն կա, այն էլ ինչպիսի...տղամարդիկ ավելի շատ իրենց հեռախոսների հետ են անցկացնում, քան իրենց կանանց։ Հիմա շատերը կգան, կմեղադրեն կանանց, կասեն՝ դուք եք մեղավոր, հետաքրքիր չեք ձեր ամուսինների համար եւ այլն։ Բայց իրականությունն այն է, որ մենք ամեն ինչ սիրում եւ գնահատում ենք կենացների մակարդակով, ոչ թե իրականում...։ Մարտի 8-ին ծաղիկներ ենք առնում, կանանց կենացը խմում, լավ խոսքեր շռայլում, իսկ ամբողջ տարին հայտնի գովազդի մոտիվներով անցկացնում հեռախոսների հետ։ Ամանորին «ձեռքի հետ» մի նվեր էլ կանանց ենք գնում, բայց այնպես չէ, որ այդ նվերով, կենացով սկսում ենք կանանց ավելի շատ սիրել եւ գնահատել։
Կինը մեր հասարակության մեջ իր արժանի տեղը չունի, այստեղ իշխանություն, պետություն, օրենսդրություն, պոզիտիվ խտրականություն, ոչինչ չի կարող իրավիճակ փոխել, ամեն ինչ պետք է փոխել մեր գլխում՝ մեր մտածելակերպում, հոգեբանության, կենսակերպի մեջ։
Սա ամենեւին էլ կնոջ դերի գերագնահատում չէ ֆեմինիստական մոտիվներով, կանայք մեր հասարակության շարժիչ ուժն են, ընտանիքի հիմնասյունը, ամուր պետություն կառուցողը՝ աշխատող, սերունդ տվող, սերունդ դաստիարակող եւ գոնե կարելի է նրանց չվերաբերվել իրի պես, դեռ մի հատ էլ չնսեմացնել, հեռուստաեթերներից գռեհիկ պրոպագանդա չանել, վատ արժեհամակարգը չարմատավորել...։
Գովազդը ստեղծողները գուցե փորձել են այսպես ուշադրություն գրավել, քննարկումների դաշտ ստեղծել եւ հասել են իրենց նպատակին, բայց հավատացեք հեռախոսին կնոջից գերադասելով եւ գերագնահատելով եթե նույնիսկ խթանեք ապրանքի վաճառքը, ապա մի ամբողջ հասարակություն, սերունդ մեկ անգամ եւս հրամցնում ենք աղճատված արժեքային համակարգը՝ իր մերժելի կարծրատիպերով եւ մեսիջներով։