«Խորհուրդներ սեքսոլոգից». Սեռական անկարողությունը. ինչպես կարելի է նվազեցնել խնդրի զարգացման ռիսկերը (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ ինչ է սեռական անկարողությունը. որոնք են խնդրի ի հայտ գալու նախանշանները, ինչպես կարելի է նվազեցնել խնդրի զարգացման ռիսկերը և ինչպես է իրականացվում բուժումը:
Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդը անկարող է լինում բավարար էրեկցիայի հասնել և պահպանել այն։
Այս սեռական խանգարումներն ամենատարածվածն են աշխարհում։
Խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52% -ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20% -ը էրեկցիայի հետ կապված դժվարություններ է ունենում։ Էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20% -ով ավելի տարածված է, քան չծխողների մոտ։
Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է էրեկցիայի խանգարում:
Բոլոր տղամարդիկ պետք է հիշեն, որ գոյություն ունեն որոշակի ռիսկային գործոներ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման համար։ Դրանց շարքին են դասվում.
Քաշի ավելացումը
Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը
Որոշ դեղամիջոցների օգտագործումը
Դեպրեսիվ վիճակը
Հորմոնալ խանգարումները
Վիտամինային արտահայտված անբավարարությունը
Սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները
Էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել նաև վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների:
Ուստի սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումն ու սեքսոլոգիական բուժումն է լինում արդյունավետ, կանխելով նաև այլ սեքսուալ խնդիրների և զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը: