Հայաստանի բնությունը պաշտող Սարգիսը զոհվեց բարձունքի վրա. Բարձունքը մերը չէ՝ տղերքը չկան. Հերոսը
ՀերոսըՍարգիս Սարիբեկյանը, ում հարևաններն ու ընկերները Սաքո էին կանչում, բոլորի հիշողություններում կմնա կենսուրախ, չափազանց կազմակերպված ու պատասխանատու, խոհեմ, նվիրված, բարի ու պարզ և շատ մարդկային Սաքո:
Սարգիս Հովհաննեսի Սարիբեկյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Երևան քաղաքում: 1997-2007թթ. գերազանցությամբ ավարտել է Ռ. Միրոյանի անվան թիվ 77 դպրոցը, մասնագիտությամբ տնտեսագետ էր: 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության բանակում՝որպես սահմանապահ հետախույզ:
Ծառայության ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ և բարձր պատրաստվածությամբ՝ հրամանատարական կազմի կողմից արժանանալով խրախուսանքների և պատվոգրերի: Սաքոն էքստրեմալ տուրիզմի սիրահար էր, զբաղվում էր լեռնագնացությամբ: Սիրում էր հայրենի բնությունը. «Մենք չենք ճանաչում մեր հայրենիքը... յուրաքանչյուր հայ պետք է լավ իմանա իր հայրենիքի ամեն մի անկյունը ...»,- հաճախ էր կրկնում նա այս խոսքերը:
Հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սերը նա ապացուցեց 44-օրյա պատերազմի առաջին օրվանից, հայրենիքը կանչում էր նրան, և նա մեկնեց առաջնագիծ՝ մեկնեց, որ անմահանա:
Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին է տվել: Զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Հաթերքում (Մարտակերտ) մղվող մարտերի ժամանակ: Վիրավորվել է ոտքից, չնայած բոլորը համոզել են, որ շտապ օգնության բրիգադի հետ հիվանդանոցային բուժում ստանալու գնա՝ հրաժարվել է, ասելով, որ չի կարող տղաներին մենակ թողնել ու շարունակել է մարտնչել՝ արնահոսող ու վիրավոր ոտքով:
Օրերս Սարգիսի հայրական տան բակում բացվեց Սարգիս Սարիբեկյանի և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մյուս հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարը, որի բացման ժամանակն էլ նրա ծնողներին հանձնեցին արիության մեդալը:

Սարգիսը քրոջ հետ