«Խորհուրդներ սեքսոլոգից». Սեքսը որպես նիհարելու միջոց. առասպել, թե իրականություն
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ ճի՞շտ է որ սեքսը օգնում է նիհարել, քանի՞ կալորիա կարող է այրել այն:
Այս հարցը հաճախ է մտահոգում մարդկանց, քանի որ դժվար է պատկերացնել կալորիները սպառելու ավելի հաճելի եղանակ, քան սեքսն է։ Շատերը կփոխարինեին ամենօրյա վազքը սիրային խաղերով։ Սակայն իսկապե՞ս սեքսը ունակ է ազատել ավելորդ կալորիաներից։: New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն, 6 րոպե սեքսով զբաղվելիս օրգանիզմն այրում է ընդամենը 21 կկալ։ WebMD ամսագիրն էլ հաստատում է, որ 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում կարելի է ծախսել ընդամենը 80-ից մինչև 100 կկալ ։ Կանադացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ սեքսի ժամանակ ծախսում են 4.2 կալորիա՝ րոպեում, իսկ կանայք` 3.1 կալորիա:
Ինչու՞ են տղամարդիկ սեքսի ժամանակ ավելի շատ կալորիաներ ծախսում, քան կանայք. գտնում են, որ նրանք ավելի ծանր քաշ ունեն, սովորաբար ավելի ակտիվ են՝ սեքսի ժամանակ, բացի այդ, միևնույն շարժումները կատարելիս ավելի շատ էներգիա են ծախսում :
Ամեն ինչ կախված է սեռական կյանքի ինտենսիվությունից, դիրքերից, տևողությունից, տարիքից, քաշից, հասակից, նյութափոխանակությունից։ Այն երբեք չի կարող փոխարինել վազքին և մարզումներին, սակայն կարող է համարժեք լինել քայլքին: Այսպիսով, որքան բուռն է սիրային խաղերով ու երևակայությամբ համեմված ձեր սերը, այքան մեծ է ոչ միայն առողջ լինելու, այլև ավելի շատ կալորիաներ սպառելու հնարավորությունը: