Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան
Քաղաքական
Մենք հիմա իբր պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ առաջիկա այդ երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություններ կսկսվեն Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ ապօրինի շինությունների դեմ պայքարելու նոր փոփոխությունների քննարկման ժամանակ։
Վարչապետը հետաքրքրվեց ժամկետների մասին, թե մինչև որ ամսաթիվը կառուցված ինքնակամ շինություններին է կառավարությունը օրինականացման հնարավորություն տալու, որին ի պատասխան Կարեն Անդրեասյանը ասաց՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված շինություններին։
Վարչապետը չհամաձայնեց այս կետի հետ՝ հիշեցնելով, թե ինչպես մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էր դարձել։
«Հետո ինձնից ինչքան ջանք պահանջվեց, որպեսզի ուժային ձևով բան անենք։ Չէ էդպես չի լինի, մենք պետք է ինչ-որ հետին թիվ ֆիքսենք, որպեսզի մարդկանց մոտիվացիա չտանք։ Հիմա Ձեր հայտարարությունից հետո լոբբինգ կանեն օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում կդիմեն ՍԴ, մի 3 ամիս էլ էնտեղ կգնա՝ Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն»,- նկատեց վարչապետը։
Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ներկայում գործում է օրենսդրություն, որը որոշակի պայմանների բավարարման դեպքում ապօրինի շինարարությունների օրինականացման մեխանիզմներ է իր մեջ պարունակում։
«Ձեր ասած դիտողությունը շատ երկար քննարկել ենք։ Մենք միևնույնն ա, որևէ կարգավորման դեպքում որևէ հնարավարություն չունենք 1-2 ամսվա լագը փակելու համար։ Մենք հիմա արտահերթով սա տանում ենք ընդունելու և անմիջապես դրանից ընդունելուց հետո 15-20 կամ 1 ամսվա ընթացքում ա, բայց մենք էդ լագը չենք կարողանում փակել։ Հետին թվով եթե որևէ ժամկետ դնենք՝ դեկտեմբերի 1-ը 2021 թվականի, միևնույնն ա մենք ապացույց չենք ունենալու թե մինչև օրենքի ընդունումը՝ ինքը էդ ժամանակ ա սարքել, թե դրանից հետո»,- ասաց Հարությունյանը։
Վարչապետն էլ նկատեց՝ մի քանի ամսվա ընթացքում կարելի է 10 հարկանի շենք կառուցել, այն էլ 100 հատ։
«Մենք հիմա ահավոր մեծ խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն գնան ապօրինի շինարարություն անեն։ Սենց բան ոնց կարելի ա անել։ Ոնց՝ սենց, թե նենց կանեն։ Չի կարելի սենց բան անել։ Օրենքը կա՝ հասկանում եմ, բայց էդ նոր օրենքին կարելի ա նոր օրենքը ընդունելիս հետադարձ ուժ տալ։ Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք»,- հրահանգեց Փաշինյանը։
Կարեն Անդրեասյանի առաջարկությամբ՝ վարչապետը կարգադրեց անհետաձգելի ճանաչել օրենքի նախագիծը, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի և օրենքը ընդունվի։