Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն իրականացվելու. Արդարադատության նախարար
Իրավական
Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Արադարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով մի շարք օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը։
«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն իրականացվելու։ Բայց քանի որ, բնականաբար կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները քաղաքացիների և իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի արդեն ամբողջը, կա արդեն հստակ մի մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև այս պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը։
Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ գործողություններ պետք է ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի իրենք ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը, որը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը ավելիր հստակ կսահմանի։
«Դրանից հետո Երևանի վարչական սահմաններում կառուցված ինքնակամների համար տրված է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը որպեսզի ներկայացնեն և հաշվառեն։ Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր մինչև 2024 թվականն է տրված, և այն տեղերում, որտեղ միայն գյուղական բնակավայրեր են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նա։
Նախարարը այս գործընթացի մեջ կարևորեց այն, որ այսուհետ շատ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու այդ ապօրինի շինարարությունններըլ, չեն ապամոնտաժի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից։
«Նաև նոր մի կարևոր կագավորում կա, որ եթե ժամանակին ապօրինի այդ շինարարությունների դեպքում դատարան վիճարկելը ավտոմատ կասեցնում էր վարչական մարմնի գործառությունները, ապա այս դեպքում դա ավտոմատ չի լինելու, և միայն դատարանի հատուկ որոշումով կարող են կասեցվել վարչարարությունը»,- ասաց նախարարը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինայնն էլ նշեց, որ կադաստրի կոմիտեն իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ։
«Մենք 2021 թվականի կամ ինչ որ ժամկետի դրությամբ՝ կունենանք ՀՀ-ում X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Սա ինչով է կարևոր, որովհետև նախկինում էլ՝ մենք չենք կարող ասել էսօրվանից ապօրինի շինությունները քանդվում են, որովհետև դա հասկանալի է՝ չի լինի, այլ պետք է որոշակի ժամանակային լագ թողենք։ Երբ որ էդ լագը թողնում ենք՝ մի կողմից օրինականացվում է, մյուս կողմից կառուցվում է էդ հատվածում, և էլի տենց պրոցեսը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարն Սուրեն Թովմասյանն էլ նշեց, որ տարածքների լուսանկարահանման ամբողջ դաշտային աշխատանքները ավարտված են և այս պահին տվյալների մշակման փուլում են գտնվում։