ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին
Քաղաքական
Այս շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը ասաց, որ ներկա պահին նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են։
Թադևոսյանը չցանկացավ հայտնել համագումարի անցկացման վայրը՝ միայն նշելով, որ Երևանում է լինելու։ «Օրակարգում կլինեն կուսակցության նախագահի հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կլինեն նաև կանոնադրության մեջ փոփոխությունների ներկայացում, կուսակցության նախագահի և կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների ընտրություն, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն, կլինի համագումարի բանաձևի ընդունում։ Համագումարի ծավալները պայմանավորված կլինեն համաճարակային իրավիճակով, սոցիալական հեռավորություն պահպանելու և այլ դրույթներով, դահլիճի տարողականութամբ։ Դրանով պայմանավորված ընդգրկվել է համագումարի պատվիրակների թիմ»,- ասաց Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է կուսակցության նախագահի և գործող ղեկավար մարմնի անդամների թեկնածուներին՝ Թադևոսյանը նշեց, որ առաջադրումն ու ընտրությունը տեղի կունենան համագումարի ընթացքում, բայց օրակարգում Սերժ Սարգսյանի՝ որպես կուսակցության նախագահ, փոփոխության հարց չկա։
«Ես դա ասում եմ հիմնովին, որովհետև տեղի է ունեցել նաև մեր սկզբնական շրջանային, տարածքային տարբեր ձևաչափերով խորհուրդների ժողովներ, խորհրդի նիստեր, և կուսակցականների կողմից նմանատիպ հարց չի բարձրացվել։ Հանգիստ եղեք»,-ասաց Թադևոսյանը։
Նա նշեց նաև, որ կուսակցության շարքերը այս ընթացքում համալրվել են։ «Մենք և վերահաշվառում ենք կազմակերպել, և համալրում է տեղի ունեցել։ Այդ թվերը կհնչեցվեն համագումարին»,- ասաց Թադևոսյանը։
Նշենք, որ նախկինում եղել է, որ ՀՀԿ համագումարը անց է կացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ներկա են եղել նաեւ օտարերկրյա պատվիրակներ։