ՏԻՄ ընտրությունների ավարտը նոր պայքարի սկիզբ. ի՞նչ է լինելու բարդ իրավիճակում հայտնված համայնքներում
Վերլուծական
Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով անհասկանալի վիճակ է ստեղծվել մի շարք համայնքներում. անցողիկ շեմը հաղթահարել են ուժերի մեծամասնությունը, սակայն ավագանիում մեծամասնություն կազմելու և քաղաքապետ ընտրելու համար հավաքած ձայները բավարար չեն։
Այսօր արդեն տարբեր համայնքներում առաջադրված քաղաքական ուժեր հայտարարել են միավորվելու և կոալիցիա կազմած ներկայանալու մասին։ Մասնավորապես, Թալին և Վարդենիս համայնքների կառավարումը կանցնի ոչ իշխանական ուժերի։
Թալինում ավագանու մեծամասնությունը կազմելու են Զարթոնք, Հայք կուսակցությունները և Մեր համայնքը դաշինքը։ Այսօր հայտարարություն տարածվեց, որ նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ: Ուժերը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայքնի կառավարման պատասխանատվությունը, համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու են Հայքի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ Թալինում Զարթոնքը ստացել էր 2882 քվե կամ 26,68%, Հայքը՝ 1624 քվե կամ 15,04%, Մեր համայնքը՝ 1258 քվե կամ 11,65%։ Իշխող ՔՊ-ն Թալինում ստացել էր 5037 քվե կամ 46,63%։
Վարդենիսում էլ համագործակցության մասին հայտարարեցին «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը։ Քաղաքապետի թեկնածուն կլինի Արամ Հարությունյանը։ Այստեղ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել էր ձայների 37,36%, իսկ «Միասնական Վարդենիս»-ը՝ 2206 քվե կամ 16,51%։ ՔՊ-ն ստացել էր 6162 քվե կամ 46,11%։
Դեռ անհայտ է մնում, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Արարատ, Վեդի, Արաքս, Փարաքար, Վանաձոր, Աբովյան, Նաիրի, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք, Նոյեմբերյան համայնքներում։
Արարատում, տեղեկություններ են շրջանառվում, որ ամենահավանականը ՔՊ-ի եւ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության միավորումն է։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, «Հանուն Հանրապետության»-ը՝ 13.82։ Այստեղ անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29%, «Ապրելու երկիր»-ը՝ 7,01% եւ «Կայունություն»ը՝ 8,09%։
Վեդիում իրավիճակը մի փոքր բարդ է։ Քվեարկության արդյունքներով, առաջատարն «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որը ստացել է ընտրողների 44,08%-ի քվեն, երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 39,12%-ով, երրորդ տեղում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,78%։ Խնդիրն այստեղ այն է, որ «Հանրապետության» ցուցակը գլխավորող Գագիկ Մելքոնյանը, ըստ տեղեկությունների, իր շրջապատում երդվել է, որ որեւէ ուժի չի միանալու։ Ավելին՝ պատմում են, որ նա պատերազմի նահատակների գերեզմանին էլ է նման երդում-խոստում տվել։ Եթե միավորում տեղի չունենա, ապա, ըստ օրենքի, պետք է հայտարարվի նոր ընտրություն:
Փարաքարում էլ առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ «Դավիթ Մինասյան դաշինք»-ն էլ ստացել է 23,51% ձայն, ՔՊ-ն՝ 27,54%։ Ըստ մամուլի՝ ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո իշխանությունը գործի է անցել՝ փորձում են Դավիթ Մինասյանի նկատմամբ ճնշումներ գործադրել, որպեսզի նա «Ապրելու երկրի» հետ կոալիցիա չկազմի։
Հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում ևս: Այստեղ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 43,75 տոկոս ձայներով, մյուս երկու ուժերը՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները միասին կարող են ստանալ բացարձակ մեծամասնություն, քանի որ համապատասխանաբար ստացել են 29,55 և 26,67 տոկոս: Ըստ տեղեկությունների՝ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում այս երկու քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու հարցում։