Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին
Քաղաքական
Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով անհասկանալի վիճակ է ստեղծվել մի շարք համայնքներում. անցողիկ շեմը հաղթահարել են ուժերի մեծամասնությունը, սակայն ավագանիում մեծամասնություն կազմելու և քաղաքապետ ընտրելու համար հավաքած ձայները բավարար չեն։
Նման իրավիճակում է նաև Արմավիրի Փարաքար համայնքը։ Այստեղ առավելագույն ձայներ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 քվե կամ 48,94%, երկրորդը՝ ՔՊ-ն է՝ 2609 քվեով կամ 27,54%-ով, իսկ երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2227 քվեով կամ 23,51%-ով։ Որ ուժերն էլ այստեղ որոշեն միանալ, կոալիցիա կազմել նրանց կպատկանի քաղաքապետ ընտրելու հնարավորությունը։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը նշեց, որ դեռ քննարկումներ են ընթանում։
«Այս պահի դրությամբ դեռ ինքներս ենք քննարկում, մնացածի հետ կապված միայն առաջիկայում կկարողանանք խոսել»,- ասաց Նահապետյանը։
Հարցին՝ կա որևէ ուժ, որի հետ բացառում են կոալիցիան, նահապետյանը պատասխանեց. «Մեր համար կարևորը մեր արդյունքներն են։ Այսինքն՝ ռեալ ինչ փոփոխություն կկարողանանք բերել համայնքի համար։ Էս պահին մենք ինքներս քննարկումների մեջ ենք։ Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան, հետևաբար մեր գործընկերներից որևէ մեկին, որևէ կերպ չկաշկանդելու համար ես միասնական դիրքորոշում չեմ հայտնի, ամեն տեսակ դիրքորոշում կա»։
Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Նահապետյանը նշեց, որ լավ է գնահատում, թիմերը ամեն տեղում աշխատել են, մեծ ջանքեր են դրել լավ արդյունքների համար։
Նշենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմքով է ձևավորվել «Դավիթ Մինասյան» դաշինքը։