Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է
Հասարակություն
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 բալ, իսկ, ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը եղել է արտասովոր կործանարար:
Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը։ Լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու հարակից 58 գյուղ, չափազանց տուժել է ներկայիս Գյումրի քաղաքը, Ստեփանավանը, ներկայիս Վանաձորն ու ավելի քան 300 բնակավայր: