Աբովյանի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեր կողմից ինչ-որ բան ասվում է, դա անպայման իրականացվում է. Արման Աբովյան
Քաղաքական
Իրականում Հայաստանը սկսում է համայնքից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում կուսակցության ներկայացուցիչների հաղթանակին Աբովյանում և Եղեգնաձորում։
Նշենք, որ Աբովյանում հաղթել էր Էդուարդ Բաբայանը, ով երկար տարիներ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն է եղել, իսկ Եղեգնաձորում՝ Դավիթ Հարությունյանը։
Խոսելով ընտրություններին մասնակցության ցածր ցուցնիշի մասին՝ Աբովյանը նշեց, որ համայնքների ընտրություններում նորմալ պատկեր է։
Նա նշում է, որ Աբովյանում ընտրությունների արդյունքները սպասելի էին։
«Ես հիմա տեսնում եմ, թե մեղադրանքի ինչ տարափ է սկսվել աբովյանցիների հանդեպ։ Խորհուրդ կտամ, որ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդին անպարկեշտ բաներ ասել, կամ խելք սովորեցնել՝ թող գնան իրենց խելքին ու պարկեշտությանը նայեն։ Աննուներ առայժմ չեմ հնչեցնի։ Ընտրությունն ակնհայտ ցույց տվեց, թե ով է վայելում մարդկանց վստահությունը»,- ասաց Աբովյանը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում իրենց թեկնածույի հաղթանակը՝ լավ քարոզարշավո՞վ, թե այստեղ կոնկրետ Էդուարդ Բաբայան անձի գործոնն է մեծ, Աբովյանը պատասխանեց. «Եկեք անկեղծ լինենք՝ իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, պարոն Ծառուկյանի, անմիջապես պարոն Բաբայանի հեղինակությունը, հարգանքը, սերը և դրա հետ մեկտեղ, նամանավանդ Աբովյան խոշորացված համայնքի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեր կողմից ինչ-որ բան ասվում է, դա անպայման իրականացվում է։ Մեզ կարող են ինչում ասես մեղադրեն, բայց չեն կարող մի բանում մեղադրել, որ մենք ինչ-որ անիրատեսական բաներ ենք խոսք տվել ու չենք արել»։
Չնայած այն հանգամանքին, որ Էդուարդ Բաբայանն ամենաշատ քվեներն է ստացել, չի կարող մեծամասնություն կազմել՝ առանց կոալիցիա կազմելու, իսկ Աբովյանում բացի իշխանական ՔՊ-ից մասնակցում էին նաև ՀՅԴ-ն և «Հանրապետություն» կուսակցությունները։ Արման Աբովյանը նշեց, որ կոալիցիան բացառում են իշխանության հետ։
Առանց միջադեպերի չեն անցել ընտրությունները Աբովյանում. մասնավորապես Պտղնիում երեկ ուղղորդելու համար մոտ երկու տասնյակ ՔՊ-ականներին ընտրատեղամասից դուրս հանելիս վիճաբանություն է ծագել, նրանք չեն ցանկացել լքել տարածքը։ Լրագրողներն արձանագրել են, որ ընտրատեղամասի մոտ հավաքված ՔՊ-ականների հետ է եղել նաև Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մովսիսյանը, որը սկզբում հերքել է, որ ինքը հենց Մովսիսյանն է, ապա խուսափել է պատասխանել հարցերին։ Երեկոյան արդեն Հայկ Մովսիսյանի, նրա կողմնակիցների մասնակցությամբ նոր վիճաբանություն է ծագել։ Սպառնացել են լրագրողներին, նաև ԲՀԿ անդամներին։
Անդրադառնալով այս միջադեպին Արման Աբովյանը նշեց, որ մինչև ընտրություններն էլ ՔՊ-ն բավականին նյարդային իրավիճակի մեջ էր։
«Ընտրությունների ժամանակ էլ, երբ որ անմիջապես իրենց համակիրներ են, պահապաններ են, չգիտեմ ովքեր էին, ընտրատարածքների մոտ էին հայտնվում։ Մի հոգի էլ ներկայացավ հետո Պտղնի ղեկավարի ժ/պ, այդպես էլ չհասկացանք, թե այդ տղան ով է։ Վազվզում էր այս կողմ այն կողմ, անկանոն շարժումներ էր անում և բղավում էր»,- ասաց ԲՀԿ անդամը։