Առաջին անգամ է, որ մեկ ուժ է առաջադրվում. ԿԸՀ քարտուղարը՝ երեկվա ՏԻՄ ընտրությունների մասին
Հարցազրույց
ArmDaily.am-ի հարցազրույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում երեկվա ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ թե նախորդ երկու ՏԻՄ ընտրությունների հետ համեմատ, թե առհասարակ։
-Գիտեք, ՏԻՄ ընտրությունները ունեն յուրահատկություններ ամեն համայնքում, ամբողջացնել մասնակցության տոկոս եւ դրանից հաշվել՝ ես չէի անի, կան շատ բարձր, շատ ցածր մասնակցության տոկոս ունեցող համայնքներ, առանձնահատուկ են։ ԱԺ ընտրությունների հետ կապված իմ կարիերայի ընթացքում, այո, 40+ մասնակցության տոկոս եղել է։
-Մասնակցությունը նաեւ կախված է մեծ, փոքր համայնքից, մրցակցությունից, ընտրության հնարավորությունից չէ՞։
-Երբեմն նաեւ այդ օրինաչափությունը չի գործում, օրինակ՝ Գյումրիի դեպքում, բայց ընդհանուր առմամբ, դա ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում, եթե կա մրցակցություն, մասնակցությունը բարձր է, եթե չկա մրցակցություն, մասնակցությունը ցածր է։
-Օրինակ՝ Արմավիրում մասնակցությունը ցածր էր, գուցե դա պայմանավորված է նրանով, որ միայն իշխող կուսակցությունն էր առաջադրվել։ Ի դեպ, նման նախադեպ էլի եղե՞լ էր։
-Քանի որ համամասնական ընտրակարգը նոր է մեծ տարածում գտել Հայաստանում, առաջին անգամ է, որ մեկ ուժ է առաջադրվում, իսկ մեծամասնականի ժամանակ շատ-շատ է եղել, որ համայնքի ղեկավարը եղել է առանց մրցակից։ Այս դեպքում բոլոր մանդատները կստանա այդ ուժը։
-Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում տեղի ունեցածը որքանո՞վ է աննախադեպ, երբ 0 բնակիչ է մասնակցում ընտրությանը։ Սա նշանակում է, որ պետության ծախսած գումարները ջուրն են ընկել, մարդիկ բոյկոտել են, մյուս կողմից էլ իրավական առումով խնդիր չկա։
-Իմ պրակտիկայում չեմ հիշում նման դեպք, պետք է հաշվի առնել, որ նրանք առանձին համայնքներ չեն, մտնում են Սեւան համայնքի մեջ, որտեղ կա մասնակցություն, այնպես որ որեւէ հիմք, պահանջ չկա անվավեր կամ չկայացած համարել այդ ընտրությունները, ընդամենը երկու բնակավայրում մասնակցություն չի եղել։
-Ի՞նչ ահազանգեր եք ստացել ընտրությունների օրը եւ լռության օրը քարոզչություն կատարելու նորմը խախտած պատգամավորներին ով պետք է պատասխանատվության ենթարկի։
-Ամեն վարույթ իր ընդդատությունը ունի, վարույթները իրենց առանձնահատկությունը ունեն։ Եթե քարոզչություն է տեղի ունեցել լռության օրը, պետք է տվյալ հանձնաժողովը իր որոշմամբ փաստի, անգամ եթե դա ԿԸՀ տիրույթում է, ես միայնակ ոչինչ չեմ կարող ասել։ Երեկ ամբողջ օրը եղել եմ տեղամասերում, առավոտյան 11.00-ին դուրս եմ եկել Երեւանից, գիշերը 23.00-ին վերադարձել եմ Երեւան, բոլոր տեղամասերում վստահված անձանց հարցրել եմ՝ արդյոք ունեք բողոքներ, խնդիրներ, չեմ կարող ասել, որ նկատել եմ այնպիսի արտառոց բան, որը կարող է ազդել ընտրության վրա։
-Քանի՞ դիմում եք ստացել վերահաշվարկի։
-Ժամկետը սկսվում է 12.00-ին մինչեւ 18.00 եւ վաղը 9.00-ից մինչեւ 11.00։
-Արդյունքների ամփոփումը եւ մանդատների բաշխումը ե՞րբ է լինելու։
-Ընտրական օրենսգրքով 7-րդ օրը տեղի կունենան ամփոփման նիստերը, այսինքն՝ դեկտեմբերի 12-ին, դրանից հետո մանդատները կտրվի։