Ես ավելին էի սպասում. դեռ աֆրիկյան կենդանի սիրում են մեր ժողովուրդը. Ռաֆիկ Անդրեասյանը՝ Վեդիի ընտրությունների մասին
Քաղաքական
Երեկ Վեդիում կայացած ՏԻՄ ընտրություններում առաջատար ուժը «Հզոր համայնք» կուսակցությունն է, որի ստացել է 8666 քվե կամ 44,08%։ Այստեղ իշխող ուժի ներկայացուցիչը Արարատի նախկին մարզպետ, Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Գարիկ Սարգսյանն էր, ով ստացել է 7690 քվե կամ 39,12%։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ հզոր համայնք» կուսակցության Վեդիի ավագանու թեկնածու, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ իր համար այս արդյունքները սպասելի չէին։
«Ես ավելին էի սպասում։ Դեռ աֆրիկյան կենդանի սիրում են մեր ժողովուրդը, թռչող տեսակ, չգիտեմ, երկկենցաղ։ Ես ինչ անեմ, ժողովրդի սերը ես չեմ կարա կտրեմ էդ տեսակից»,- կատակելով ասաց Անդրեասյանը։
Չնայած այն հանգամանքին, որ «Հզոր համայնք» կուսակցությունը ամենաշատ քվեներն է ստացել, չի կարող մեծամասնություն կազմել՝ առանց կոալիցիա կազմելու։ Երրորդ ուժը, որը Վեդիում մասնակցում էր ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունն էր, որը ստացել է 3299 քվե կամ 16,78%։
Անդրեասյանը ասաց, որ «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ դեռ քննարկումներ չկան։ Հարցին՝ իր կարծիքով՝ ում է ավելի հակված միանալու «Հանրապետությունը», Ուրցաձորի համայնքապետը պատասխանեց. «Նայած՝ ինչ նախասիրություն ունեն։ Եթե էլի սիրեն կենդանու նույն տեսակը՝ ուրեմն ընդեղ, եթե մարդ տեսակը՝ ուրեմն ստեղ»։
Անդրեասյանը նշեց, որ վերահաշվարկի համար չեն դիմելու, որովհետև ոչ մի տեղից բողոքելու հիմքեր չունեն։
Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ահազանգերին՝ Ուրցաձորի համայնքապետը նշեց, որ իր համայնքում փոխադարձ հարգանքի մթնոլորտում են անցել ընտրությունները։
«Ոչ մի լարում, ոչ մի բան չի եղել, հանգիստ են անցել ընտրությունները, որի համար ես շնորհակալ եմ բոլորից, որ ըմբռնումով են մոտեցել, որ կռվով չի լինում, լինում է համոզմունքով»,- ընդգծեց Անդրեասյանը։