Բլինկենը Մոսկվային ու Կիևին կոչ է արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները
Միջազգային խճանկար
Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է պատրաստակամություն դրսևորեն Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ 2015 թվականի սկզբին ստորագրված Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ կապված։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Reuters Next առցանց ֆորումում։
«Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է հստակ ասեն, որ պատրաստ են կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Մինչ այժմ դրանց մեծ մասը չի իրականացվել»,- ասել է նա։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պետք է որքան հնարավոր է շուտ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի սահմանից՝ «իրավիճակը դեէսկալացնելու համար», իսկ հակամարտող կողմերը պետք է պահպանեն հրադադարը:
«Եթե նրանք (Ռուսաստանն ու Ուկրաինան) դա անեն (պահպանեն Մինսկի պայմանավորվածությունները- խմբ․), ապա մենք կկարողանանք լուծել այս հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով…Եթե Ռուսաստանը որոշի հետևել առճակատման կուրսին, վերսկսի իր ագրեսիան, շատ լուրջ հետևանքներ կլինեն ոչ միայն մեր, այլև Եվրոպայի կողմից»,-ասել է Բլինկենը։