Չեմ ուզենա, որ մենք ազգովի տեսախցիկներ դնենք ամեն քայլափոխին․ դա ժողովրդավարության հետ կապ չունեցող չինական մոդել է
Սոցցանցերի քրոնիկոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվար ամսին ավարտվելու է Ոստիկանության պայամանգիրը «Սեքյուրիթի դրիմի» հետ և ճանապարհային երթևեկության՝ տեսախցիկներով վերահսկման ամբողջ սխեման պետք է վերանայվի:
Ես չեմ ուզենա, որ մենք ազգովի տեսախցիկներ դնենք ամեն քայլափոխին: Դա ժողովրդավարության հետ կապ չունեցող չինական մոդել է, որը, սակայն, ջատագովելու են ուժայինները:
Բայց օրերս Ֆեյսբուքյան մի խմբում ականատեսը եղա, թե ինչպես են մարդիկ քննարկում, թե Դավիթաշենի կամրջի որ հատվածն է, որ տեսախցիկը չի տեսնում, որ այդ հատվածում հանգիստ հանդիպակածով քշեն ու շրջանցեն խաչմերուկի հերթ-խցանումը:
Այսինքն, շատերի համար հերթ-խցանումը հանդիպակացով շրջանցելու միակ խոչընդոտը տեսախցիկն է: Բարեբախտաբար, այդ քննարկման տակ գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեինք ամոթանք տալ առաջին խմբի վարորդներին:
Եվ հիմա հարց. ի՞նչ հանրություն ենք մենք ու ի՞նչ հանրություն ենք ուզում դառնանք: Այնպիսին, որտեղ օրինականության հսկողությունը բոլորի գլխին տեսախցիկներ տեղադրելով է, թե՞ այնպիսին, որտեղ մեծամասնությունը չի խախտում օրենքներն ու խախտողների մասին էլ, ասենք, հայտնում է ոստիկանություն»:
