Բանավեճերի ժամանակ շատ բան է բացահայտվում. Կարեն Քոչարյանը՝ համայնքապետերի մասնակցությամբ դեբատ կազմակերպելու մասին
Քաղաքական
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպվել էր Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճը։ Առաջադրված 10 ուժերից միայն 8-ի ներկայացուցիչներն էին ընդունել դեբատին մասնակցելու հրավերը։
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ասաց, որ չի հիշում արդյոք եղել է նման ֆորմատ, երբ բանավեճի մասնակցեն համայնքապետերի թեկնածուներ։
«Անկախ ամեն ինչից՝ գտնում եմ, որ դա ճիշտ է։ Ամեն ինչը չէ, որ ես քննադատում եմ։ Եթե այս իշխանությունները դա անում են՝ ճիշտ են անում, որովհետև բանավեճերի ժամանակ շատ բան է բացահայտվում»,- ասաց Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ հիմարություն է ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններով մասնակցելը։
«Այնուամենայնիվ ՏԻՄ ընտրությունները, մի քանի առումով, Հայաստանի պայմաններում, որտեղ մարդկային ֆակտորը ամենամեծն է գնահատվում, նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ ոչ ոք չի ընտրում կուսակցություն, ծրագիր, լոկ անհատի հետևից են գնում, ուր մնաց՝ ՏԻՄ-ը։ Այս հասարակությունը բուկլետի մեջ ծրագիր ընդհանրապես չի նայում։ Հիմա ում հարցնենք՝ ինչու ես ընտրել, կասեն՝ լավ տղա է, որովհետև բարի աչքեր ունի, բայց չի ասի՝ որովհետև այսպիսի ծրագիր ունի»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ համամասնական ընտրակարգը ՏԻՄ ընտությունների համար չէ, իսկ պառլամենտական հանրապետությունն էլ Հայաստանի համար չէ: