90մլն դրամանոց մեքենան «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է» հիմնավորմամբ արդարացնող ԱԺ խոսնակը
Վերլուծական
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հարցազրույց է տվել 1in.am-ին՝ խոսելով եղբոր ղեկավարած ճանապարհաշինական ընկերության՝ պետգնումներում հաղթանակների, ինչպես նաև ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենա ձեռք բերելու նպատակահարմարության և այլ հարցերի մասին։ Հարցազրույցը լայնորեն տարածվել եւ քննարկվել է լրատվամիջոցներում, civilent.am-ը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաներին՝ ծառայողական մեքենաների թվի եւ եղբոր բիզնեսների մասով։
Ընդամենը մի դիտարկում, որ թերեւս վրիպել է հանրության աչքից։ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել.
«Ինչո՞ւ ներկայացուցչական դասի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն գումար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»։
Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը «ներկայացուցչական» ասելով նկատի է ունեցել ներկայանալի, պրեստիժային մեքենա գնելը, ինչը պայմանավորել է մեր իշխանության արտաքին, դիվանագիտական շփումներով եւ այլն։ Իհարկե, մյուս կողմից էլ՝ պակաս «ներկայացուցչական» չէ նաեւ այն, երբ աշխարհը տեսնում է, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը՝ տարածքների կորստի, անվտանգության խաթարման, սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով։ Ի դեպ, այս ամենը եղել է այս իշխանության գործունեության հետեւանքով եւ նրանց օրոք, այնպես որ «բավականին ներկայանալի պատկեր եւ ցուցանիշներ» ունի այս իշխանությունը։
Իր համար «պրիստիժային» մեքենա գնելը արդարացնելու հարցում Ալեն Սիմոնյանը ցույց է տալիս, որ չի հասկանում, թե ինչ է ասել «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է»։
Ի դեպ, երբեք ուշ չէ կարդալու, սովորելու համար եւ Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտայինք գոնե պառլամենտական իրավունքի գրքեր կարդալ, ԱԺ գրադարանում կա լավ գրականություն։ Բայց մինչեւ Ալեն Սիմոնյանը բացահայտի իր համար պառլամենտարիզմը եւ պառլամենտը՝ առանձնահատկություններով, սկզբունքներով, հնարավորություններով եւ այլն, նշենք, որ ներկայացուցչական մարմին ասելով՝ նկատի ունեն՝ ԱԺ-ն ներկայացնում է ողջ ժողովրդին, արտահայտում է ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը եւ գերթանկարժեք մեքենա գնելու անհրաժեշտությունը ամենեւին էլ ոչ ժողովրդի շահերին է առնչվում, ոչ նրա խնդիրները լուծվում։ Եթե Սիմոնյանը գրքեր կարդալու ժամանակ չունի, գոնե սահմանադրություն կարդացել է, իսկ մայր օրենքի 94-րդ հոդվածում խոսվում է ներկայացուցչական մանդատի մասին. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ Սա նշանակում է, որ պատգամավորը ներկայացնում է ոչ թե իր ընտրատարածքի ժողովրդի շահերը նախկին մեծամասնական ընտարակարգի պայմաններում, այլ ողջ ժողովրդի։
Իհարկե, Ալեն Սիմոնյանը կարող էր ավելի համոզիչ բացատրություն գտնել, որ օրինակ՝ ստանալով պողպատե մանդատ՝ ժողովուրդը իրենց լիազորել է գնել թանկարժեք մեքենա, ժողովուրդը շատ վատ կզգար, որ խորհրդարանական դիվանագիտություն իրականացնելիս Ալեն Սիմոնյանը ներկայանար շարքային BMW 750Li-ով։ Մնում է սպասել, թե Սիմոնյանը իր 90մլն դրամանոց մեքենայով ինչ նոր բարձունքներ է նվաճելու հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ։