Նախագահի հրաժարականի հարցը դեռ ակտուա՞լ է. «5165 շարժման» անդամները եւ Նաիրի Հոխիկյանը՝ կայացած հանդիպման մասին
Քաղաքական
President.am կայքում այսօր հաղորդագրություն է հրապարակվել, որ նոյեմբերի 30-ին նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին։
Զարմանալի է, որ դեռևս նոյեմբերի 30-ին կայացած հանդիպման մասին նախագահի կայքում հաղորդագրությունը հրապարակվում է երեք օր անց, քանի որ դեպքերի ժամանակագրության առումով այն կարող է տարընկալումների եւ քննարկումների տեղիք տալ։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ «5165 շարժումը» հայտարարեց, որ իր պայքարը շարունակելու է Ազատագրական շարժումից անկախ, սակայն դա չի նշանակում, որ շարժումը պառակտվում է։ Այնինչ, Ազատագրական շարժում նախաձեռնությունը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ազատագրական շարժում նախաձեռնության համահիմնադիր անդամ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել «5165 շարժման» գործողությունները։
Կապ հաստատեցինք նաև «5165 շարժում» նախաձեռնության ղեկավար Կարին Տոնոյանի հետ։ Նա ասաց, որ իրենք շարունակում են հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի հետ և միայն հաջորդ շաբաթ կարող են մեկնաբանություն տալ, քանի որ այդպիսի որոշում է ընդունվել իրենց շարժման խորհրդի կողմից։
Ազատագրական շարժման նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն էլ իր ֆեսյբուքյան էջում կիսվել է «5165 շարժման» և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուսանկարով և հրապարակմանը կից գրել. «Ազատագրական Շարժման ՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջ մնում է ուժի մեջ։ Իսկ այս հանդիպումը շատ մութ հարցերի վրա է լույս սփռում»։
Գուցե շարժումը հանդիպել է նախագահի հետ՝ քննարկելու հրաժարականի վերաբերյալ հարցեր, գուցե հաջորդ հանդիպումն էլ Նիկոլ Փաշինյանի հետ լինի, սրանք հարցեր են, որոնց շարժման անդամները պետք է անդրադառնան վաղ թե ուշ։
Հայկա Ալոյան