Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը
Քաղաքական
Համացանցում ակտիվորեն տարածվում է Աշտարակում իշխանական թեկնածու Թովմաս Շահվերդյանին նվիրված ռուսալեզու երգ և տեսանյութ։
Այն կատարում է Белый Макс անունով ռեփեր, տեսահոլովակում Շահվերդյանն է քարոզարշավի ժամանակ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Белый Макс-ը ասաց, որ Շահվերդյանը իր ընկերն է։
«Ես իրեն մանկուց ճանաչում եմ։ Նա աշխատասեր մարդ է։ 30 տարի անց քաղաքի ոչ մի քաղաքապետ այդքան հասարակ, բաց չի եղել մարդկանց հետ, ինչպես Թովմասը։ Ես քաղաքականության մեջ չեմ մտնում, դա ինձ հետաքրքիր չէ, բայց այն, ինչ արել է Թովմասը Աշտարակի համար, իր բնակիչների բարգավաճման համար հարգանքի արժանի է։ Երգը ես նվիրել եմ իրեն։ Աշտարակի բնակիչները կարծում են, որ նա լավ և բարի մարդ է։ Նա ապացուցել է դա գործով և արժանի է սիրո ու հարգանքի ժողովրդի կողմից»,- ասաց ռեփերը։
Նա նշեց, որ դեռ Շահվերդյանի հետ չի խոսել երգի մասին, բայց ընկերները ասել են, որ շատ լավն է։
Ինչ վերաբերում է երգի՝ պատվիրված լինելուն, Белый Макс-ը բացառեց դա. նա նշում է, որ նախաձեռնությունն իրենն է, ցանկացել է նման կերպ աջակցել թեկնածուին։
Ռեփերը նաև նշեց, որ ունի ստեղծագործություններ Վլադիմիր Պուտինի, Ջո Բայդենի, Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի մասին։
Մենք կապ հաստատեցինք նաև Թովմաս Շահվերդյանի հետ։ Նա ասաց, որ չի տեսել տեսահոլովակը, բայց լսել է դրա մասին։
«Աշտարակի բնակիչ է, իր նախաձեռնությամբ արել է։ Չի ասել՝ շատ լավ իմանալով, որ ասեր՝ պիտի ասեի՝ չէ»,- ասաց Շահվերդյանը՝ այլ մեկնաբանություններ չտալով։