Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի
Հասարակություն
Ամանորին դեռ մեկ ամիս կա, բայց մեր հայրենակիցները արդեն սկսել են ամրագրել «Ձմեռ պապ և Ձյունանուշ» ծառայությունը։
«Բում-Բումիկ» ՍՊԸ-ից ArmDaily.am-ին հայտնեցին, որ դեռ վաղուց են իրենք պատվերներ ստացել։
«Մեր ծառայությունը 30 րոպե է տևում, Ձմեռ պապն ու Ձյունանուշը զբաղեղցնում, խաղացնում են երեխաներին։ Ծառայությունն արժի 25000 դրամ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Բում-Բումիկ» ընկերության աշխատակիցը։
Նրա խոսքով գնային որևէ տատանում չի եղել վերջին տարիներին, իսկ քովիդով պայմանավորված՝ պատվերների թիվը չի նվազել։
«Եղել են դեպքեր, երբ միայն Ձյունանուշ են կանչել, բայց մենք նման պատվերներ չենք վերցնում, քանի որ միջոցառման հիմնական մասը անցկացնում է Ձմեռ պապը»,-ասաց աշխատակիցը։
Իսկ եթե Ձմեռ պապին առանց Ձյունանուշ են կաչում, ապա ծառայության գինն արժենում է 20000 դրամ։
Գրեթե նույն պատկերն է «Երազանք» կազմակերպությունում։ Այստեղ գնային սանդղակը որոշվում է պատվերի տեսակից։
«Դե նայած ով է պատվիրատուն՝ մանկապարտեզ, դպրոց, թե տուն։ Եթե դպրոց կամ մանկապարտեզ է պատվերը, ապա տևում է մոտավորապես մեկ դասաժամ՝ 40-50 րոպե, իսկ եթե պատվիրել են տան համար, տևում է 1 ժամ։ Միայն ռեստորաններում և այլ նման մեծամասշտաբ պատվերների դեպքում է պատվիրատուն որոշում, թե քանի ժամ է ուզում»,-ասաց «Երազանք»-ի աշխատակիցը։
Կենտրոնի աշխատակցի պնդմամբ՝ իրենց դերասանները պատվերից առաջ կամ թեստավորվում են կամ պատվաստված են։
Այս կենտրոնում գնային սանդղակը սկսվում է 7000 դրամից, բայց ամենաթանկ ծառայությունը՝ աշխատակիցը չկարողացավ հստակ նշել։
«Ամենաթանկ պատվերը կախված է պատվերից և պատվիրատուից»,-ասաց նա։
Սեդա Մակարյան