Մինչև 2022 թվական Երևանյան լիճը կմնա կեղտոտ. հարցումն՝ անպատասխան, պարզաբանումն էլ՝ անորոշ
Պարզաբանում
2021 թվականի մայիսի 5-ին Երևանի ավագանին հաստատեց Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները։
Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայնքին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային պաշարների և բնական համակարգերի պահպանության խնդիրները:
Նախագիծը հաստատելուց ամիսներ անց Երևանյան լճի ջրի մակարդակը բավականին իջեցվեց։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված լճի ջրի մակարդակի այդչափ իջեցումը։ Քաղաքապետարանից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որպեսզի մասնագետները պատասխանեն այդ հարցին։
ArmDaily.am-ը հարցում ուղարկեց։ Հարցման մեջ մասնավորապես խնդրել էինք պատասխանել՝ ինչո՞վ է պայմանավորված ջրի մակարդակի իջեցումը և այդ քանակի աղբը, ե՞րբ են պատրաստվում մաքրել լիճը։
Քաղաքապետարանից ArmDaily.am-ին հայտնեցին, որ նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել և մեր հարցերի պատասխանը կարող ենք կարդալ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։
Այսինքն նախարարությունը հաստատել է Երևանյան լճի մաքրման մասին քաղաքապետարանի ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։
Ծրագրի մեկնարկը սկսվելու է 2022 թվականին, թե երբ, հստակ ասված չէ։
Փաստացի Երևանի քաղաքապետարանը մեր ուղղված հարցերից գրեթե ոչ մեկին հստակ պատասխան չի տվել։