Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփՀունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներին և այլ վայրերում քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով, կամ պատվաստման հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Ամանորին Հանրապետության հրապարակում, հավանաբար, տոնածառ կտեղադրվի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց։ ԲԴԽ անդամ Չիչոյանը դեմ էր քվեարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ողջ տարածքում կսկվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն։
Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը: Նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել Շոտլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում և այլ երկրներում։