Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Քաղաքական
Մամուլում պարբերաբար հայտնվում են լուրեր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կողմից կոմիտեում կադրային ջարդ իրականացնելու մասին։ Մասնավորապես գրվում է, որ Բադասյանի կադրային ջարդի արդյունքում 118 աշխատակից է ազատվել: Նա ինտենսիվորեն ազատվում է նախկին կադրերից, և առաջին հերթին փորձառու և գործից հասկացող մասնագետներն են հեռացվում համակարգից:
Բադասյանը ինքը մեկնաբանել էր այս լուրերը՝ նշելով, որ «Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն։ «Առաջխաղացման նախապատվությունը տալիս ենք այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ և իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր»,- ասել էր Բադասյանը։
ArmDaily.am-ը գրավոր հարցումով դիմել էր ՊԵԿ՝ պարզելու, թե Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, այսինքն՝ օգոստոսի 4-ից, ի՞նչ կադրային փոփոխություններ են եղել համակարգում եւ որքանո՞վ են դրանք տեղավորվում բնականոն կադրային քաղաքականության կոնտեքստում։
Մենք խնդրել էինք մեզ նաև տրամադրել վիճակագրություն, թե խնդրո ժամանակահատվածում (օգոստոսի 4-նոյեմբերի 20) քանի բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել/նշանակվել ՊԵԿ-ում, խոսքը վերաբերում է ղեկավար անձնակազմին՝ ղեկավարներ, տեղակալներ եւ այլն։
Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից հայտնել են, որ ղեկավար պաշտոններից անձնական դիմումի համաձայն ազատվել է 12 պաշտոնյա։ Թափուր մնացած պաշտոնները համալրվել են։
Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնից ազատվածները ՊԵԿ համակարգի հնաբնակներից են, որոնց անուղղակի հասկացրել են՝ կամ դիմում գրեք, հեռացեք, կամ քրեական գործեր կհարուցվեն։ Ահա այսպիսին է Բադասյանի իրականացրած կադրային բնականոն քաղաքականությունը։