Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը
Հարցազրույց
Օրերս ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատվեց 2022-2023 թվականի ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Ցանկում նկատվում են փոփոխություններ՝ կապված ընդունելության քննությունների հետ։
«Այստեղ սկզբունք կա, որ առնվազն երկու քննություն պիտի լինի։ Սա դրական է, գիտենք, որ նախանցած տարի և անցած տարի կարելի էր, նույնիսկ, մեկ քննության արդյունքներով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, որը դժգոհության տեղիք էր տալիս և դիմորդների, և նրանց ծնողների շրջանում, քանի որ գնահատականը շատ սուբյեկտիվ էր լինում և կարող էին մեր շրջանավարտները ընդամենը փոքր տեխնիկական սխալի պատճառով չընդունվել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Ըստ Մխիթարյանի կա նաև երկրորդ միտումը։ «Երկրորդ միտումը կա վերջին 2-3 տարիների ընթացքում՝ հետզհետե հայոց լեզվի փոխարեն ընդհանրապես լեզվի մուտքն է։ Ուսանողները, այստեղ, կարող են որոշ դեպքերում ընտրել, օրինակ, հայոց լեզվից հանձնել քննությունը, թե օտար լեզվից։ Սա իհարկե հետընթաց է, բայց կարելի է ասել, որ մեր Կառավարության որդեգրած քաղաքականությունն է վերջին տարիներին, որպեսզի հավասարության նշան դրվի հայոց լեզվի և այլ լեզուների ու արդյունքն այն եղավ, որ անցած տարի անգլերենով քննություն հանձնողների թիվը էապես աճեց»,-ասաց նա։
Ըստ նրա՝ որոշ մասնագիտությունների գծով քննություն հանձնողները ավելի շատ էին, քան հայոց լեզվով։ Փորձագետի համար սա ընդունելի չէ։
«Սա բերում է նրան, որ աղճատվում է մեր սերունդի ազգային դիմագիծը, որովհետև այն մարդիկ, որոնք ընդունվում են համալսարաններ այսօր, կազմելու են հայ մտավորականության դեմքը սրանից 10-15 տարի հետո, իսկ հայ մտավորականությունը, կտրված լինելով, իր ազգային արժեքներից և ավելի շատ անգլերենին ուշադրություն դարձնելով, դեմքը կորցնում է»,- շեշտեց Մխիթարյանը։
Մխիթարյանը պնդում է, այս որոշումը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու այդ միտումը։
Անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի անցած տարվա որոշմանը,. որի պատճառով բարձր գնահատական ստացած դիմորդները դուրս մնացին մրցույթներից՝ Մխիթարյանն ասում է. «Շրջանավարտները կարող էին ընտրել այնպիսի առարկաներ, մասնագիտություններ, որտեղ մրցույթը շատ բարձր էր և ստացվում էր, որ այդ մասնագիտությունների գծով դուրս էին մնում շատ բարձր միավորներ հավաքած դիմորդները։ Խոչընդոտն այն էր, որ նրանք չէին կարողանում միաժամանակ մասնակցել տարբեր բուհերի տարբեր մասնագիտություևնների մրցույթներին, որը քննադատության արժանացավ, բայց, ըստ էության, լիազոր մարմինը էական ուշադրություն չի դարձրել այս հանգամանքին և այդ դրույթը մնացել է ուժի մեջ։ Այսինքն այս տարի, նունպես, ունենալու ենք, երբ բարձր ինտելեկտի տեր, շրջահայաց, լավ գիտելիքներ ունեցող դիմորդներ իրենց ուզած մասնագիտությունով չընդունվելու պարագայում, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, դուրս են մնալու բուհերից»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։
Սեդա Մակարյան