Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում
Քաղաքական
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերն արդեն հայտարարել են իրենց մասնակցության և թեկնածուների մասին։
Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։
ArmDaily.am-ը ներկայացնում է, թե Կոտայքի մարզի Աբովյան Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում որ քաղաքական ուժերն են մասնակցում և ովքեր են քաղաքապետի թեկնածուները։
Աբովյան համայնք
1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը։ Նա նախկին պատգամավոր է, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետն է եղել։ Բաբայանը հայտնի է բոլորին Դոդի Էդո մականվամբ, մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է նրա կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերի մասին։ Նա ծնվել է 1972 թվականին, Վրացական ԽՍՀ-ում: 1990 թվականին ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:
2. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Մեղրյանը։ Նա ծնվել է 1991 թվականին, Աբովյան քաղաքում։ Սովորել և ավարտել է «Հայբուսակ» համալսարանի ձեռնարկությունների կառավարում ֆակուլտետը՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան։ 2021 թվականի օգոստոսից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։
3. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Էմիլ Հարությունյանը։ Նա ծնունդով Աբովյանից է, ծնվել է 1984 թվականին: Սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագետ է:
4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Պավել Ցուգունյանը։ Նա Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել․ նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։
Գառնի համայնք
1. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արամ Խաչատրյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ նա չի աշխատում, կուսակցության անդամ է։
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Պողոսյանը։ Նա ներկայում Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 2016-17 թվականների եղել է Գառնիի ավագանու անդամ, ապա զբաղեցրել պաշտոններ համայնքապետարանում, 2021 թվականի մայիսի 31-ից էլ համայնքապետի ժ/պ է նշանակվել։
Ծաղկաձոր համայնք
1. «Մեր համայնքը» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գրիգոր Ղարիբյանը։ Նա անկուսակցական է, իսկ դաշինքը ձևավորել են ՀՅԴ-ն և «Համերաշխություն» կուսակցությունները։
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նարեկ Հարությունյանը։ Նա Մեղրաձորի համայնքապետի պաշտոնակատարն է։ 2017-20թթ եղել է Մեղրաձորի համայնքի ղեկավարի տեղակալ, 2020 թվականի փետրվարի 4-ից Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։
Հրազդան համայնք
1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մոնթե Մաթևոսյանը։ 2021 թվականից սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետն է:
2. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը։ Նա մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, 2015-ից անցել է աշխատանքի իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում. նախ, որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018 թվականից՝ որպես տնօրեն։
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը։ Նա մասնագիտությամբ փաստաբան է։ Աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու։
4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սևակ Միքայելյանը։ Նա Հրազդանում գործող քաղաքապետն է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։ Նա 2010-2014 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ 2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ Ամուսնացած չէ:
Նաիրի համայնք
1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը։ Նա ՄՍԾԵՏԿ, Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետն է։
2. «Իմ հզոր համայնք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արմեն Համբարձումյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ Համբարձումյանը անկուսակցական է և չի աշխատում։
3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Գևորգ Մուրադյանը։ Վերջինս չի աշխատաում, հանդիսանում է ՀՅԴ անդամ։
4. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Խաչատրյանը։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, կուսակցության անդամ է։
5. «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նորայր Սարգսյանը։ Նա Եղվարդի ներկայից համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։
6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վաղարշակ Ամիրխանյանը։ Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։
Նոր Հաճն համայնք
1. «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գագիկ Մաթևոսյանը։ Նա Նոր Հաճնի ներկայիս համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, մինչ համայնքապետ լինելը, եղել է «Թերիսա» ՍՊԸ-ի տնօրենը։
2. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սուրիկ Սուրենյանցը։ Նա կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահն է։
3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սարգիս Սարգսյանը։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ նա չի աշխատում, հանդիսանում է կուսակցության անդամ։․
4. «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Վարդան Պապյանը։ Նա Նոր Գեղիի համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի փետրվարի 25-ից։ Մինչ այդ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:
5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սահակ Գյուլինյանը։ Նա Նոր Հաճնի ավագանու անդամ է։