Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մալենան ցնցել է համացանցը
Ժամանց
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը ամենամյա հեռուստամրցույթ է, որին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության որոշ երկիր-անդամների ներկայացուցիչները։ Մանկական Եվրատեսիլը հաղորդվում է հեռուստատեսությամբ և ռադիոյով Եվրոպայի ամբողջ տարածքում և աշխարհի ուրիշ այլ մասերում, ինչպես նաև Ինտերնետում։ Մրցույթում կարող են մասնակցել 9-ից մինչև 14 տարեկան երեխաները։
ArmDaily.am-ը ներկայացնում է Հայաստանի գրանցած հաջողությունները՝ մրցույթում և այս տարվա մասնակցին։
Մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել 2003 թվականին։ Առաջին հաղթողն էլ Խորվաթիան էր "Ti si moja prva ljubav" երգով։ Մինչ օրս մրցույթը կազմակերպվել է 18 անգամ։ Վերջինը տեղի է ունեցել 2020 թվականին, որին Հայաստանը չի մասնակցել՝ 44-օրյա պատերազմի պատճառով։ Այդ տարի հաղթող երկիրը Ֆրանսիան է եղել՝ "J’imagine" երգով։
Նշենք, որ Հայաստանը երգի մրցույթում 2010 թվականին առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Այդ տարի Հայաստանը ներկայացնում էր Վլադիմիր Արզումանյանը՝ "Mama" (Մամա) երգով։ Հայաստանը երկրորդ պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 2007, 2009, 2015, 2016 թվականներին։
Այս տարի Հայաստանը ներկայացնում է 14 ամյա Մալենան իր «Քամի, քամի» երգով, որն, ի դեպ, ցնցել է համացանցն ու ինչու ոչ, նաև աշխարհը։
Ընդամենը մեկ շաբաթում միլիոնից ավելի դիտում։ Մալենայի կերպարով, երգով, տեսահոլովակով, անգամ թշնամի երկու երկրներն են հիացած։
Մրցույթից առաջ, ըստ կանոնների, կազմակերպվում է օնլայն քվեարկություն, որի արդյունքներով Մալենան այժմ առաջատար է։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Ալբանիան, Ադրբեջանն ու Բելառուսիան։
Մրցույթն այս տարի տեղի է ունենալու Ֆրանսիայում։
Սեդա Մակարյան