Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։
Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, թե մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Թյուրրնկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։
Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։
Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- գրել է քարտուղարը:
Նշենք, որ նախարարության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունը արդեն խմբագրվել է և հեռացվել է քաղաքապետի՝ Մինսկ այցելության մասին հատվածը:
