Ադրբեջանը պատրաստ է հարձակվել ու գրավել Հայաստանը. Վահան Բադասյան
Արցախ եւ մարզեր
Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի, Ալիևի ու Պուտինի այսօրվա հանդիպման ու Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպումների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ անորոշություն է տիրում։
«Ակնկալիք չունեմ՝ անորոշություն է և կարող եմ ենթադրություններ անել և այդ ենթադրությունները կարող են լինել ճիշտ, կարող են լինել սխալ։ Ես մի բան գիտեմ, որ պետք է մենք զգույշ լինենք Ադրբեջանի մտադրություններից, մեր թշնամու մտադրություններից։ Ինչ էլ որ լինի նա այսօր պատրաստ է՝ հարձակվել և Հայաստանը գրավել։ Նա դա չի էլ թաքցրել, ինքն ասել է դա, ինքը լկտիաբար ասում է այդ մասին։ Ինքը լինելով հարյուր տարեկան՝ երեք հազար տարեկան պետությանն ասում է, որ իրենց պապական տարածքների վրա է, էլ ինչ եք ուզում դրանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պետք է հենվի սրա վրա և մի նախադասությամբ վերջ դնի այս ամենին։ Այսինքն, միջազգային հանրությունը, նրանք էլ մարդիկ են, նրանք ասում են և հակառակը չկա հայկական կողմից, նրանք էլ հասկանում են, որ եթե չեն հերքում, ուրեմն հայերն ապրում են նրանց տարածքներում՝ կարող ՝է պատահի։ Բայց ինչ-ինչ պատճառներով այսօր Հայաստանը ճանաչված է որպես առանձին սուվերեն պետություն, Ադրբեջանը որպես սուվերեն պետություն և սրանք հավասարազոր սուվերեն պետություններ են»,-ասաց Բադասյանը։
Նա նշեց, որ բավական է մի նախադասություն ասվի օրինակ ՄԱԿ-ում, որ 3.000 տարեկան հայ ժողովրդին 100 տարեկանն ասում է, որ իր տարածքներում է ապրում, արդեն ի չիք կդարձնի ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները։
«Սա կարևոր գործոն է, որը կաշխատի ու մնացածն ի չիք է դառնում, նաև ի չիք է դառնում այն գաղափարները, որ մենք ագրեսոր չկոչվենք»,- նշեց Բադասյանը։
Մեր հարցին, թե կարծում է արդյո՞ք, Փաշինյանն այս հայտարարությամբ հանդես կգա՞ օրինակ ՄԱԿ-ի ամբիոնից, Բադասյանն ասաց, որ ոչ։
Հանրության շրջանում քննարկվող թեզերից մեկը, որ Սոչիի այսօրվա և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից, Բադասյանն այդքան էլ արժանահավատ չի համարում։
«Ցավոք սրտի այդպես չէ, որովհետև Նիկոլին պաշտպանողները դեռ շատ են։ Այսինքն, Նիկոլը ունի բնական պաշտպաններ, մարդիկ գիտեն, թե Նիկոլը հրաշք է, մարդիկ գիտեն, թե Նիկոլը փրկիչ է։ Եվ այսպիսով, մենք ապրում ենք մեր ծանրագույն շրջանը, որ չգիտեմ դժբախտություն անվանել, ինչ անվանել։ Մենք հայկական պետության կյանքում գուցե ամենադժվար դեպքն ենք ապրում և թե ինչպես պետք է դուրս գանք այս վիճակից՝ միայն Արարիչը գիտի։ Ինձ համար ամեն ինչ անորոշ է, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչը կփրկի մեզ»,-ասաց Բադասյանը։
Նա նշեց, որ Արդբեջանի կողմից ծավալուն ռազմական ագրեսիայի դեպքում ռուսական կողմը որևէ միջամտություն չի ցուցաբերի, իսկ մենք նույնսիկ դիմադրելու հնարավորություն չուենք։
«Ես պարզել եմ, որ սահմանի վրա բանակից բացի ոչ մի կառույց չեն թողնում, այսինքն այս իշխանություններն ի զորու չեն կազմավորելու բանակ, այսինքն մոբիլիզացիա հայտարարելու և իրենց պարտավորությունները գործադրելու՝ ես առաջարկություններ էի ներկայացրել, սակայն իմ առաջարկները բանիմաց մարդկանց համար են։ Բայց, ցավոք, այսօր Հայաստանը ղեկավարում են մեղմ ասած ոչ բանիմաց մարդիկ և բանականությունը չէ, որ այսօր իշխում է մեզ»,- նշեց Բադասյանը։
Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում իշխանությունները կտապալվեն և հայրենասեր ուերն իրենց ձեռքը կվերցնեն երկրի ղեկավարումը։
«Արդեն ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները, բոլորն ուզում են ազատվել այս չարիքից։ Հիմա եթե դա սահմանադրական կարգով լինի, Հայաստանի դատախազությունը, որը անկախ մարմին է, ԱԱԾ-ն, տեսնելով, որ երկրին վտանգ է սպառնում՝ իրենք կգնան և կձրեբակալեն հերթով իշխանություններին։ Բայց իրենք չեն գիտակցում, իրենք իրենց մորթապաշտությամբ են զբաղված։ Դա նորմալ երկրում, օրինակ ԱՄՆ-ում կա զենք կրելու իրավունքը և դա հնարավորություն է տալիս ապստամբելու, այսինքն, եթե ժողովուրդը տեսնում է, որ իր երկրի ղեկավարությունը երկիրը տանում է կործանման՝ անվտանգության, կրթության, մշակույթի, տնտեսության և բոլոր բնագավառներում ՝ իրավունք ունի ապստամբելու»,-եզրափակեց Բադասյանը։
Հայկա Ալոյան