Եթե մենք կարող ենք ունենալ նախարար, որը 5 ոլորտ ղեկավարի, ինչու չենք կարող ունենալ տնօրեն, որը մի դպրոց ղեկավարի. փորձագետը՝ խնդրահարույց նախագծի մասին
Հասարակություն
Երեկ կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այդ նախագծի հիմնական նորույթներն էին ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացության սահմանումը, տարակարգերի շնորհման կարգավորման վերանայումը, բայց հիմնական փոփոխությունը դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրումն է, որով տարանջատվելու են դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները:
ArmDaily.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ տարակարգերի և չափորոշիչների հետ կապված խնդիր չի տեսնում, ընունելի են դրանք, հիմնական խնդիրը տնօրենների մասով առաջարկվող փոփոխություն է։
«Մտահոգիչ է այն իմաստով, որ այս պահին ընթանում է հետազոտություն՝ դպրոցների կառավարման հետ կապված, որի արդյունքները պարզ կլինեն հաջորդ տարի։ Հիմա՝ եթե հետազոտությունը հաջորդ տարի է ավարտվելու՝ ինչո՞ւ ենք մենք այս փոփոխությունը հիմա անում։ Ստացվում է, որ այդ հետազոտությունը ձևական բնույթ է կրելու, որովհետև արդեն որոշել ենք՝ ինչ անենք։ Ճիշտ կլիներ՝ այդ հետազոտությունը արվեր, հասկանալ իրավիճակը, հետո այդ փոփոխությունները տեղի ունենային»,- ասաց փորձագետը։
Նա որոշակի ռիսկեր է տեսնում այս որոշման մեջ, որովհետև այն փաստարկը, թե տնօրենները չպետք է զբաղվեն դուռ պատուհանի հարցերով, այլ պետք է խորանան բովանդակության մեջ, համոզիչ չէ։
«Այդպիսի պաշտոն դպրոցում արդեն կա. դա ուսմասվարի՝ փոխտնօրենի պաշտոնն է։ Մեր մոտեցումը եղել է այն, որ տնօրեններին պատրաստենք երկու գործառույթ իրականացնելու՝ որպես մենեջեր, և որպես ուսուցչապետ։ Այսպես է եղել Հայաստանի գիծը։ Հիմա մենք ասում ենք՝ եկեք մենեջերի գործառույթը տանք ուրիշ մարդու, տնօրենը մնա ուսուցչապետ։ Ես կարծում եմ, որ սա մի քիչ շռայլություն է, բացի դա՝ ես սրա տակ տեսնում եմ դպրոցները վերահսկողության տակ վերացնելու նպատակ, որովհետև պարզվում է՝ այդ վարչատնտեսական ղեկավարին ուղիղ նշանակելու են, առանց որևէ մրցույթի, և նա կարող է մի քանի դպրոց նույնիսկ ղեկավարել։ Չեմ պատկերացնում, թե դա ինչ է մեզ տալու։ Ի՞նչ է լինելու ուսմասվարների հետ՝ կրճատելո՞ւ են երևի, որովհետև եթե տնօրենը միայն բովանդակային հարցերով է զբաղվելու, միգուցե իրեն տեղակալ պետք չլինի»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ միթե ներկայում տնօրենները գերծանրաբեռնված են աշխատում, որ կարիք է առաջացել ոլորտում նման փոփոխություն իրականացնել, կրթության փորձագետը պատասխանեց. «Չեմ կարծում։ Տնօրենները, որպես կանոն՝ ժամը 4-ին գնում են տուն, այնպես է, որ հասցնում են։ Ուրիշ խնդիր է, թե ժամանակն ինչպես են օգտագործում։ Ես կարծում եմ, որ եթե մենք կարող ենք ունենալ նախարար, որը 5 ոլորտ ղեկավարի, ինչու չենք կարող ունենալ տնօրեն, որը մի դպրոց ղեկավարի։ Այսինքն նախարարը, որը 5 ոլորտ է ղեկավարում, որոնք միմյանց հետ այդքան էլ կապ չունեն՝ կրթությունը ուր, մշակույթը ուր, սպորտը ուր, դրանք ահագին տարբեր են, իսկ, ասենք, 100, 200, 300 աշակերտ ունեցող դպրոցը չի կարող մի հոգի ղեկավարել»։
Նա նշեց, որ վարչատնտեսական ղեկավարը բավական արտոնյալ է, իրեն, այսպես ասած, նշանակելու են վերևից։
«Իսկ այս մյուս տնօրենը նախ պետք է հավաստագիր ստանա, 3 տարին մեկ ատեստացիա ստանա, զարգացման ծրագիր ներկայացնի, մեկ տարի պաշտոնավարելուց հետո դպրոցի խորհուրդն իրեն կարող է հետ կանչել, անվստահություն հայտնել։ Այսինքն՝ տնօրենները աշխատելու են շատ ուժեղ պրեսինգի տակ՝ առանց ֆինանսնական լծակների»,- ասաց փորձագետը։
Խաչատրյանի խոսքով՝ նման կտրուկ փոփոխություն անելու համար անհրաժեշտ են նաև լուրջ հետազոտություններ, հանրային քննարկումներ։
«Շատ փակ է ամեն ինչ արվում։ Մարդիկ մեկ էլ տեսնում են, որ e-draft-ում նման նախագիծ է հայտնվում։ Անհրաժեշտ էր ավելի նեղ, դեմ առ դեմ, ծավալուն քննարկում։ Սա բավական արմատական փոփոխություն է։ Մեր համակարգը այնքան հոգնած, հյուծված վիճակում է...այս համակարգը չի կարող կտրուկ փոփոխությունների դիմանալ։ Պետք է ինչ-որ կերպ առողջացնել, նոր գնալ կտրուկ փոփոխությունների»,- ասաց Խաչատրյանը։