Երբ զոհասեղանին հայկական պետականությունն է, երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն
Խմբագրական
Այսօր վաղ առավոտից տարբեր հանրային, քաղաքական գործիչներ ակցիաներ են իրականացնում Երեւանում՝ փողոցներ փակելով եւ իշխանությանը պահանջներ ներկայացնելով։ Մեկնարկած ազատագրական շարժման նպատակն է՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Ընդ որում՝ վաղ առավոտից մեկնարկած այս ակցիաներին մասնակցում են ամենատարբեր հայացքների մարդիկ՝ հեռուստամեկնաբան Նաիրա Հոխիկյան, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյան, Փաստաբանների դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյան եւ այլք։ Իսկ 5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարել է այսօր պահանջ-համահավաք անցկացնելու մասին, ժամը 14.00 իրենց պահանջը վարչապետին կներկայացնեն, հետո կդիմեն նախագահին, այնուհետեւ կգնան ԱԺ, իսկ ժամը 17.00 կմիանան Հանրապետության հրապարակի հավաքին։ «Այլևս միասին է լինելու պայքարը։ Շեշտել ենք՝ սա վերկուսակցական շարժում է. հանուն հայոց բանակի, հայ զինվորի և Հայաստանի»,-հայտարարել է Կարին Տոնոյանը։
Իրականության մյուս կողմում մեր խորհրդարանական ընդդիմությունն է՝ մի քանի հոգանոց «Պատիվ ունեմ»-ը, որտեղ ոչ մեկ ոչնչից տեղյակ չէ, միասնական կազմակերպված քաղաքականություն, ծրագիր չունեն եւ իրեն թիվ մեկ արմատական ընդդիմություն հռչակած ուժը՝ «Հայաստան» դաշինքը։ Նոյեմբերի 19-ին «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, դիմադրության շարժում է ձեւավորում. «Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։ Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։ Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը»։
Ինչ խոսք, լավ բան է մտածել մեր ընդդիմությունը, մնում է հասկանալ, թե ինչ կլինի Հայաստանի հետ մինչեւ դիմադրության շարժման ձեւավորումը, քննարկումների ավարտը, արդյոք պայքարի օրակարգը արդիական կլինի եւ Հայաստանում մարդ կմնա այս դիմադրությանը միանալու համար։ Իհարկե, այսօր շատերը կհայտարարեն, թե չեն հավատում եւ չեն համակրում Երեւանում փողոց փակողներին, նրանց համարում են այս կամ այն անձի, ուժի ներկայացուցիչը, գործակալը..։
Քավ լիցի, կարող ենք իրար չհավատալ եւ չհավանել, բայց հայրենիքը ձեռքներիցս գնում է, թող Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չլինի, այլ Նաիրի Հոխիկյանն ու Արա Զոհրաբյանը, միայն թե փրկեն Հայաստանը, կանգնեցնեն կործանումը։
Հարց է առաջանում՝ ընդդիմությունը այսօր դուրս կգա՞ փողոց՝ պայքարի այս օջախին միանալու, թե՞ կշարունակենն խաղաղ, անվրդով քննարկումները, չէ՞ որ ամբիցիաներն էլ թույլ չեն տա միանալ մի քանի հանրային գործիչների պայքարին։ Սա ոչ միայն վերաբերում է «Հայաստան» դաշինքին, այլեւ բոլոր ուժերին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մոտ 3 տասնյակ ուժերը, չմասնակցող եւ օրուգիշեր Հայաստանը փրկելու ծրագիր, խոստում տվող գործիչները որտե՞ղ են, Հայաստանն այլեւս փրկության կարիք չունի, թե փրկողներին չեն հավանում։
Այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակը իսկապես այն կարմիր գիծն է, որը հատելուց հետո այլեւս «SOS» կանչելու ժամանակ էլ չենք ունենա։ Եւ եթե մազաչափ անգամ սիրտդ ցավում է այս երկրի համար, իրավունք չունես անտարբեր եւ համակերպվող լինել, ստատուսներով փրկել հայրենիքը կամ անձնական ամբիցիաներ «խաղացնել»։
Պետք է մեկտեղել ջանքերը՝ առանց միմյանց «պոզուպոչ» կպցնելու, պետք է ոչ թե ձեւական ներկայություն ապահովել հրապարակում, այլ իսկապես բոլոր ուժերը ներդնել Հայաստանը փրկելու համար, վաղն արդեն ուշ կլինի, իսկ մեր բոլորի լուռ համաձայնությամբ եւ անտարբերությամբ երկիր կործանելը չի ներվի, զոհասեղանին հայկական պետականությունն է եւ երկրի անվտանգությունը։