4 ամիս առաջ վերանորոգված «Հայփոստ»-ի Բաղրամյանի բաժանմունքը կրկին վերանորոգում են. քաղաքացիներն ահազանգում են, «Հայփոստ»-ից՝ պարզաբանում (լուսանկարներ)
Ֆոտո
ArmDaily.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ Բաղրամյան պողոտայի 23 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի մասնաճյուղը, որը 4 ամիս առաջ էր վերանորոգվել, կրկին վերանորոգման պատճառով փակ է։
Մեզ ահազանգող քաղաքացիները նշում են, որ նոր էր այդ մասնաճյուղը վերանորոգվել, և տարակուսում, թե ինչու են կրկին այդ մասնաճյուղը փակում։
«Ինչքան կարելի է։ Ով է՝ տեսել մի քանի ամիս առաջ վերանորոգված մասնաճյուղը կրկին վերանորոգում, այդքան գումար ունե՞ն, էլ ոչ մի տեղ չունեն այս գումարը ծախսելո՞ւ, որ մի քանի ամիս մեկ մասնաճյուղ են վերանորոգում։ Բացի դա՝ մեզ ուղարկում են Սարյանի մասնաճյուղ մեր գործերը անելու։ Ախր, թոշակառուներ ենք, անմարդկային է գնալ հասնելը այդքան տեղ։ Ինչու են 4 ամիս հետո նորից շինարարություն անում»,- վրդովված պատմեց մեզ ահազանգող քաղաքացիներից մեկը։
Մենք դիմեցինք Հայփոստին՝ պարզելու, թե ինչու են հիմա վերանորոգման աշխատանքներ իրականացվում և երբ մասնաճյուղը կգործի։
ArmDaily.am-ի հետ զրույցում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը տեղեկացրեց. «Ամենաշատը 15 օրից բաց կլինի Բաղրամյան պողոտայի փոստային բաժանմունքը։ Ինչքանով հասկացա՝ այնտեղ խողովակների հետ կապված խնդիր է եղել, ստիպված նորից քանդել են, և նորից վերանորոգում են»։
Հ.Գ. Ուշագրավ է, որ մեզ տրամադրված լուսանկարներում երևում է, որ ներսում հարդարման աշխատանքներ են, խողովակների հետ կատարված աշխատանքներ չեն երևում: