Պարզաբանում. Ամուսնալուծություն, ինչպե՞ս է որոշվում ալիմենտի հարցը
Արխիվ
ArmDaily.am-ի «Պարզաբանում» շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել են ամուսնալուծության հետ կապված իրավական գործընթացներին, ինչպես նաեւ ալիմենտին։
Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը ՀՀ-ում, որ՞ոնք են պատկան մարմինները, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, որքա՞ն են պետական տուրքի դրույքաչափերը։
Ամուսնալուծությունը կարող է կատարվել երկու եղանակով՝ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ և համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով։
Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։
Համատեղ դիմում տալու միջոցով ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:
Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։
Ամուսնալուծության գրանցման՝ ներառյալ ամուսնալուծության վկայական տալու պետական տուրքը կազմում է 10,000 /տաս հազար/ ՀՀ դրամ։
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ամուսնության վկայական (առկայության դեպքում),
ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, - ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
- ամուսինների դիմումը և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/ ` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։
Վերը նշված դիմումների ձևանմուշները կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից:
Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, կամ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց, կամ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատարան տրվող հայցադիմումի համար քաղաքացին պետք է վճարի 4,000 ՀՀ դրամի չափով պետական տուրք՝ փոխանցելով ՀՀ դատական դեպարտամենտին հաշվեհամարին/
900005016010/։
Դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար և գործի քննությունը հետաձգել՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ։ /ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 18/
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Տվյալ դեպքում դիմումի հետ միաժամանակ ՔԿԱԳ մարմին պետք է ներկայացվի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճեն /քաղվածքը/։
Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով։
Ամուսնության գրանցման կարգի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար այցելեք հետևյալ
հղումով` http://www.justice.am/services/civil_registry/item/519։
Ո՞ր գույքն է համարվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույք և ի՞նչպես է կատարվում ամուսնալուծվող/ամուսնալուծված ամուսինների համատեղ գույքի բաժանումը։
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, բացառությամբ նվեր կամ ժառանգություն ստացած, ինչպես նաև անհատական օգտագործման գույքի /խոսքը չի վերաբերում թանկարժեք իրերին և պերճանքի առարկաներին/, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը։
Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ, կամ անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները։
Ամուսինների համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո։
Կողմերի միջև համաձայնության բացակայության պայմաններում գույքի բաժանման հարցը ենթակա է լուծման դատական կարգով` շահագրգիռ անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով։
Հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հիմնավորի, որ գույքի որոշակի բաժնի սեփականատեր է հանդիսանում և այդ գույքն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի։
Գույքի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում, դատարանը որոշում է կայացնում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին։
Պետք է նկատի ունենալ, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս դրա արժեքը զգալիորեն նվազում է, այդ իսկ պատճառով առավել շահավետ է տվյալ խնդրի շուրջ ձեռք բերել համաձայնություն։
Ինչպե՞ս է որոշվում երեխաների մշտական բնակության վայրը, ի՞նչ իրավունքներ ունի երեխան՝ ծնողների ամուսնալուծվելու դեպքում, ծնողներից որևէ մեկը կարո՞ղ է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել։
Ամուսնալուծությունից հետո երեխայի մշտական բնակության վայրի վերաբերյալ կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում՝ վեճը ենթակա է լուծման դատական կարգով։
Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Ուստի լուծելով երեխայի բնակության վայրի վերաբերյալ ծնողների միջև առաջացած վեճը, դատարանն ի սկզբանե հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողի սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա անգամ կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք:
Երեխայի՝ ծնողի բնակարանում ապրելու իրավունքը դադարում է անձի չափահաս դառնալու փաստով և որևիցե փոխհատուցում կամ այլ իրավունք չի ենթադրում։
Ինչ վերաբերում է երեխային հանրապետությունից դուրս տանելուն, ապա միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է, անձնագիր ունենալով՝ կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, երկրից դուրս գալ: Իսկ ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով:
Երբ ծնողներից մեկը, ով չի ցանկանում, որ երեխան հանրապետությունից դուրս գնա, հայտարարություն պետք է ներկայացնի ոստիկանություն՝ անձնագիր ստանալուն իր անհամաձայնության մասին, որի դեպքում երեխային անձնագիր տրամադրելը մերժվում է:
Հատկանշական է, որ տվյալ հարցը հստակ կարգավորված չէ, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր իրավակարգավորումը, ուստի նախքան մեկնելը պետք է ուսումնասիրել տվյալ երկրների օրենսդրությունը։
Օրինակ՝ Շենգեն համաձայնագրի երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխայի երկու ծնողն էլ նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն տան:
Ի՞նչ կարգով է բռնագանձվում ալիմենտը։
Ալիմենտի պահանջի հիմքը երեխայի՝ 18 տարին լրացած չլինելու, տվյալ ծնողից սերված լինելու, ինչպես նաև նրանից առանձին ապրելու հանգամանքներն են:
Ալիմենտի պահանջ կարող է ներկայացվել ինչպես գրանցված ամուսնությունից, այնպես էլ փաստական ամուսնական կամ արտաամուսնական հարաբերություններից ծնված երեխաների համար։ Վերջին երկու դեպքերում երեխայի հայրությունը պետք է ճանաչված լինի։
Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանում հաստատվի այն հանգամանքը, որ մինչև դատարան դիմելը հայցվորը միջոցներ է ձեռնարկել երեխայի համար ապրուստի միջոց ստանալու համար, սակայն մյուս կողմը խուսափել է այն վճարելուց։
Ալիմենտը սահմանվում է ամսական վճարումների տեսքով: Ալիմենտի չափի որոշումը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ ծնողի կողմից կայուն եկամուտ ստանալու հանգամանքով, նրա գույքային և ընտանեկան դրությամբ և այլն: Եթե բացառիկ հանգամանքների բերումով երեխայի կենսաապահովման համար առաջանում են լրացուցիչ ծախսերը (բժշկական միջամտություն, պրոթեզավորում և այլն), ամսական վճարումների տեսքով ալիմենտ վճարելուց բացի ծնողը կրում է, դատարանի կողմից սահմանված չափով լրացուցիչ ծախսերին մասնակցելու պարտավորություն:
Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության իրավախորհրդատու Անի Մարտիրոսյանը։
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածում անդրադարձել էինք՝
- ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին https://www.armdaily.am/news/14353.html?lang=hy,
- վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելունhttps://www.armdaily.am/news/14903.html?lang=hy